Միջազգային հարթակներում, քողարկվելով մարդու իրավունքների և խաղաղ վերադարձի քողի տակ, շատ վտանգավոր դիվանագիտական թակարդ են լարում մեր դեմ. Հասմիկ Սողոմոնյան
Զարդագործ, ձեռագործության վարպետ Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հիմա սա գրում եմ որպես արվեստի մարդ, որովհետև առաջինը իմ կարծիքով մենք պետք է բարձրաձայնենք սա, երբ տեսնում ենք, որ վտանգված են մեր մշակութային և ազգային արժեքները։
«Արևմտյան Ադրբեջանի» թեզը փորձում են ոմանք սվաղել, կամ իրենց հարմարեցնել, ներկայացնել որպես աղմուկ, ծաղրել, դրանով իսկ շեղել մարդկանց կարևորից։
Իսկ իրականում միջազգային հարթակներում, քողարկվելով մարդու իրավունքների և խաղաղ վերադարձի քողի տակ, շատ վտանգավոր դիվանագիտական թակարդ են լարում մեր դեմ։
Սրան զուգահեռ, ամեն օր ու համակարգված կերպով, փորձ է արվում յուրացնել մեր պատմական հիշողությունը՝ ճարտարապետությունից մինչև մշակութային ժառանգություն։ Մի քիչ ուսումնասիրեք, կտեսնեք։
Պետք է պարզապես սթափ գիտակցել այս պահի իրավիճակը։ Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ պրոֆեսիոնալ, քայլ առ քայլ մտածված արշավ է գնում։ Մենք պարտավոր ենք սրան հակադրել մեր սառը բանականությունը, գրագիտությունն ու մեր արմատներին անզիջում տիրություն անելը»:

