NYP. Սպիտակ տան մոտ կրակ բացած տղամարդն իրեն Հիսուս Քրիստոս էր համարում
Սպիտակ տան մոտ ԱՄՆ Գաղտնի ծառայության անցակետի ուղղությամբ կրակ բացած տղամարդն իրեն Հիսուս Քրիստոս էր համարում, գրում է The New York Post-ը՝ հայտնելով միջադեպի մանրամասները:
21-ամյա Նասիր Բեսթը կրակ է բացել անցակետի ուղղությամբ ատրճանակից՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 18:10-ին, երբ նրան նկատել են 17-րդ հյուսիս-արևմտյան փողոցում տարօրինակ կերպով հետուառաջ քայլելիս, հայտնել են պարբերականի աղբյուրները:
Նա հասցրել է ընդամենը մի քանի կրակոց արձակել և սպանվել է դաշնային սպաների արձակած փամփուշտների տարափից: Ըստ աղբյուրների, փոխհրաձգության հետևանքով առնվազն մեկ պատահական անցորդ է վիրավորվել:
Թեև հարձակման դրդապատճառը չի հաստատվել, աղբյուրները հայտնել են, որ Բեսթը հոգեկան անհավասարակշռված վիճակում գտնվող անձ է, որը լավ հայտնի էր Գաղտնի ծառայությանը տարբեր անցակետերի մոտ անընդհատ դեգերելու և Սպիտակ տնից հեռու մնալու մասին դատարանի նախկին որոշումը խախտելու համար:
Կրակոցների ձայները սարսափեցրել են Սպիտակ տանը հերթական ռեպորտաժներն իրականացնող լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ABC-ի թղթակցին, որը թաքստոց է մտել ուղիղ եթերի ժամանակ:
«Ես հենց նոր իմ iPhone-ով տեսանյութ էի նկարահանում Սպիտակ տան Հյուսիսային մարգագետնից, երբ լսեցինք կրակոցները,- պատմել է ABC-ի Սպիտակ տան ավագ թղթակից Սելինա Վանգը:- Թվում էր, թե տասնյակ կրակոցներ են: Մեզ ասացին վազել լրագրողների համար նախատեսված ճեպազրույցների դահլիճ, որտեղ հիմա խորհրդակցություն ենք անցկացնում»:
Գաղտնի ծառայությունն անմիջապես կարանտին է հայտարարել Սպիտակ տանը և հրահանգել լրագրողներին հավաքվել հյուսիսային մարգագետնում ու անցնել ճեպազրույցների դահլիճ:
Մոտ կես ժամ անց կարանտինը հանվել է:
Բեսթը, որին վնասազերծել էին Գաղտնի ծառայության ստորաբաժանման աշխատակիցները, ավելի վաղ՝ հունիսի 26-ին, հարկադրաբար բերման էր ենթարկվել 15-րդ փողոցի և E փողոցի խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությանը խոչընդոտելու համար, իսկ հուլիսի 10-ին կրկին ձերբակալվել էր ապօրինի մուտք գործելու համար:
Այդ միջադեպի ժամանակ Բեսթը շրջանցել էր Սպիտակ տան հետիոտնային անցակետը՝ անցնելով ելքի պտտադռնակով, և խենթ հայտարարություններ էր արել, երբ նրան բերման էին ենթարկել Կոլումբիայի շրջանի ոստիկանության և Գաղտնի ծառայության աշխատակիցները:
«[Բեսթը] պնդում էր, որ ինքը Հիսուս Քրիստոսն է և ցանկանում էր, որ իրեն ձերբակալեն»,- նշված է միջադեպի վերաբերյալ դատական արձանագրություններում:



