Բանակում դեպք է եղել, որ անձը նամակ է գրել, հետո ինքնասպանություն է գործել տեսախցիկի առաջ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը մտադիր է պարզել զինծառայողների ինքնասպանությունների պատճառները նաև արհեստական բանականության միջոցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
«ԱԽ վերջին նիստում ես հանձնարարական եմ տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը և վերլուծել՝ կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ։ Ենթադրենք` ընտանեկան վիճակ։ Եթե մենք ինֆոն ամբողջությամբ տանք արհեստական բանականությանը, այն կարող է ասել, թե ինչ ընդհանրություններ ունեն նրանք»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց օրեր առաջ տեղի ունեցած 19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանի դեպքը։ Նշենք, որ զինծառայողը մահացել էր հրազենային վիրավորումից` զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին։
«Օրնակ այդ դեպքով` ինձ զեկուցել են, որ նա երկու օր առաջ այցելել էր հարազատի գերեզմանին, որը ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն է գործել։ Նա եկել է զորամաս, նամակ գրել ու այդ արարքը կատարել։ Պետք է հասկանալ դա»,– հավելեց Փաշինյանը։
Նրա խոսքով ՝ ինքը մի քանի անգամ ասել է, որ հարցը պետք է դիտարկել նաև երեխաների հոգեբանական դիմակայության տեսանկյունից, որը պետք է ձևավորել մանկապարտեզից և դպրոցից։ Նա վստահեցրեց, որ այս հարցը քննարկել է ԿԳՄՍ նախարարի հետ։



