Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են Զատկի հրադադարը խախտելու մեջ
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի համաձայն, հատուկ ռազմական գործողության գոտում զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 11-ի ժամը 16:00-ից խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել նախկինում զբաղեցրած բնագծերում ու դիրքերում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Չնայած Զատկի հրադադարի ռեժիմի հայտարարմանը՝ Ուկրաինայի ԶՈւ կազմավորումները գրոհել են ռուսաստանյան զորքերի դիրքերը։ Ընդհանուր առմամբ, ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները 1971 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը»,- նշել է Ռուսաստանի ՊՆ-ն։
Ուկրաինայի բանակն, իր հերթին, հայտնել է, որ ժամը 16:00-ից հետո՝ օրվա վերջի դրությամբ, ռուսաստանյան զորքերը 1723 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը։



