Սթարմերը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության խորացումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանական գործընկերության խորացումը: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սթարմերը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը և նշել դրա պահպանման և այն տևական խաղաղության վերածելու ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը: Նա կարևորել է Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ աշխատանքի շարունակումը, քննարկել է Բրիտանիայի ջանքերն՝ ուղղված գործընկերների հետ հանդիպումների կազմակերպմանը և նեղուցով անցնելու վստահությունը բարձրացնելու համար գործնական քայլերի համաձայնեցմանը։
«Վարչապետը պարտավորություն է ստանձնել շարունակել աջակցությունը Սաուդյան Արաբիային՝ որպես հավատարիմ դաշնակցի, այդ թվում վերջերս Sky Sabre հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման միջոցով», – ընդգծվում է հայտարարության մեջ:
Բացի այդ նշվում է, որ Սթարմերն ապրիլի 8-ին հանդիպել է նաև բրիտանացի զինծառայողների հետ, որոնք ուղարկվել են Սաուդյան Արաբիա նշված ՀՕՊ համակարգի գործարկման համար։
«Այնուհետև ղեկավարները քննարկել են, թե Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան ինչպես կարող են էլ ավելի խորացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության բնագավառում՝ երկարաժամկետ հեռանկարում ռազմական ներուժի բարձրացման և փոխադարձ անվտանգության ամրապնդման համար, ինչպես նաև կողմերի բարգավաճող առևտրային և ներդրումային հարաբերությունների հետագա զարգացման համար», – նշվում է հաղորդագրության մեջ:



