Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մերձավորարևելյան կարգավորման հարցերով ներկայացուցիչ Ժան Առնոն ապրիլի 8-ին ժամանել է Իրան, որտեղ հանդիպումներ կունենա իրանական իշխանությունների ներկայացուցիչների հետ. հայտնում է «Ինտերֆաքսը»-ը, հղում անելով EFE գործակալությանը:
«Այցի շրջանակներում նա կհանդիպի իրանցի գործընկերների հետ և կպարզի նրանց դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և ապագայի հեռանկարների վերաբերյալ»,- տեղեկացնում է գործակալությունը:
Ժան Առնոն բարձր է գնահատել Պակիստանի և այլ երկրների միջնորդությամբ ձեռք բերված ժամանակավոր հրադադարի համաձայնությունը, որը հնարավորություն կստեղծի դիվանագիտության և բանակցությունների համար:
Ըստ աղբյուրի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է հրադադարը և հակամարտության կողմերին կոչ արել կատարել միջազգային իրավունքին համապատասխան պարտավորությունները:



