Աշխեն Ալեքսանյանը, որը մեղադրվում էր պետական դավաճանության մեջ, կալանքի տակ է. պարզաբանում

Աշխեն Ալեքսանյանը, որին պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացվել, շարունակում է մնալ կալանքի տակ, նրա արարքին տրված իրավական գնահատականն է փոփոխվել։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Փաստաբան Աբգար Պողոսյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Աշխեն Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարսավանքի ենթարկվել, որովհետև նա պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ»,– «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակը։

Այսինքն` դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։

Հիշեցնենք` 2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Աշխեն Առաքելյանը կալանավորվել է։ ԶԼՄ–ները հայտնեցին, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և կարևոր տեղեկություններ է փոխանցել նրան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031