Բուն զեկույցում Օնիկ Գասպարյանի ելույթի 5-10 տոկոսն է, վերլուծությունն ավելի ուշ՝ որպես հավելված, կցել են, տեղյակ չեն պահել. Տիգրան Աբրահամյան
Մարտի 25-ին 168.am-ին տված հարցազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ մասնավորապես, ասել էր.
«Հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի հարցաքննության մասով կարող եմ ասել, որ եթե չեմ սխալվում, 5-6 ժամանոց ելույթ է եղել (ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը 2 օր է հարցաքննվել, մեկ օրվա հարցաքննությունը տևել է ավելի քան 5 ժամ:- Մ.Պ.): Ես ամբողջ նյութին ծանոթ չեմ, զեկույցում, իհարկե, տեսել եմ հղումներ նրա խոսքին, բայց այն, ինչ տեսել եմ, կարծում եմ, ամբողջական ելույթի մոտ 5-10 տոկոսը կարող էր լինել»:
Իսկ օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ նախագահին հանձնելուց հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ այն ավելի քան 200 էջ է, սակայն օրերս հարցազրույցներից մեկում ասել է՝ 400-ից ավելի:
Ավելի ուշ 168.am-ին տեղեկություններ էին հասել, որ զեկույցին կցվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերլուծությունը և Անդրանիկ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակ-վերլուծությունը՝ Սու-30-ների հետ կապված:
Այսօր Տիգրան Աբրահամյանը 168.am-ին հայտնեց, որ որոշել է երկրորդ անգամ գնալ և ծանոթանալ 44-օրյայի զեկույցին, և իսկապես զեկույցին որպես հավելված՝ ավելի ուշ կցվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերլուծությունը:
«Բուն զեկույցում Օնիկ Գասպարյանի՝ հանձնաժողովում հարցաքննության ժամանակ հնչեցված ելույթի 5-10 տոկոսն է ներառված, իսկ վերլուծությունը կցված է՝ որպես հավելված: Տեղյակ չեն պահել, որ նման բան է արվել հետո, դա իրենց մեղավորությունն է»,- ասաց պատգամավորը:



