Ադրբեջանը դադարեցրել է մասնակցությունը ՄԻԵԴ-ի որոշումների կատարման գործընթացում
Ադրբեջանը դադարեցրել է մասնակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կատարման գործընթացում, որը վերահսկում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն. ասված է ՄԻԵԴ-ի 2025 թվականի զեկույցում։
Ըստ զեկույցի՝ երկիրը 2025 թվականին Կոմիտեին է ներկայացրել ընդամենը երկու դիմում, որոնցից վերջինը եղել է 2025 թվականի մարտի 18-ին։ Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանն այլևս չի մասնակցել ՄԻԵԴ-ի որոշումների կատարման գործընթացում, ինչը զգալի ճնշում է ստեղծել վերահսկողական մեխանիզմի վրա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ պետությունների նկատմամբ կատարման սպասող բոլոր գործերի 10%-ը (397) վերաբերում է Ադրբեջանին։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վճարման վերաբերյալ տեղեկություններին սպասող 169 գործ կար, դրանց թվում՝ 112 գործ, որոնք քննության էին առնվել ավելի քան վեց ամիս առաջ։
Դա զգալի աճ է 2024 թվականի համեմատ և բացասաբար է անդրադառնում կատարման ընդհանուր վիճակագրության վրա, նշել են ՄԻԵԴ-ում։
Վերահսկողության գործընթացում նման երկարատև ներգրավվածության բացակայության պայմաններում, Կոմիտեն, հիշեցնելով Ռեյկյավիկի հռչակագրում կատարման հարցերում «համագործակցային և ներառական մոտեցման վրա հիմնված երկխոսության» կոչը, բազմիցս Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերսկսել բարձր մակարդակի երկխոսությունը քարտուղարության հետ՝ ՄԻԵԴ-ի որոշումների կատարման գործում առաջընթացի հասնելու համար։
Կոմիտեն վերահաստատել է Ադրբեջանի կամավոր պարտավորությունը ըստ Կոնվենցիայի 46 (1) հոդվածի՝ լիովին, արդյունավետորեն և անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի վերջնական որոշումները այն բոլոր գործերով, որոնցում ինքը կողմ է, և ափսոսանք է հայտնել իշխանությունների շարունակական լռության և քննվող գործերում առաջընթացի բացակայության համար։
news.am



