Բրիտանացի զինվորականները կկալանեն իրենց ջրերում գտնվող պատժամիջոցների տակ հայտնված նավերը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Միացյալ Թագավորության զինվորականներին թույլ է տվել կալանել Լոնդոնի պատժամիջոցների ներքո գտնվող և բրիտանական ջրերում տարանցմամբ նավարկող այն նավերը, որոնք կապված են Ռուսաստանի հետ։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը համաձայնել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը և իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ կարողանան կալանել այն նավերը, որոնք գտնվում են Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ և տարանցմամբ ընթանում են բրիտանական ջրերով», – նշվում է հայտարարության մեջ։
Լոնդոնը մտադիր է «փակել բրիտանական ջրերը, այդ թվում՝ Լա Մանշը, պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար», ինչը պետք է օպերատորներին ստիպի վերաուղղորդել այդ նավերը պակաս շահավետ երթուղիներով կամ ենթարկվել նավերի հնարավոր կալանման ռիսկին։
Գրասենյակի հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացնելուց առաջ իրավապահները, զինվորականները և էներգետիկ շուկայի մասնագետները յուրաքանչյուր նման նավ կդիտարկեն առանձին, իսկ կալանման դեպքում նավի սեփականատերերին, օպերատորին և անձնակազմին կսպառնա քրեական հետապնդում՝ պատժամիջոցների մասին բրիտանական օրենքը խախտելու համար։
Գրասենյակում նշել են, որ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» 544 նավ։



