Այաթոլան և ես համատեղ կվերահսկենք Հորմուզի նեղուցը. կկայանա՞ Իրան-ԱՄՆ հանդիպումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր Truth սոցիալական ցանցում գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, և 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։
«Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն և կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լրագրողների հետ զրույցում էլ Դոնալդ Թրամփը նշել է, որ կիրակի օրը տեղի ունեցած քննարկումները շարունակվելու են նաև այսօր, և եթե բանակցությունները շարունակվեն արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ իր Մերձավոր Արևելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են այդ բանակցություններին։
Ես նրան առաջնորդ չեմ համարում, ես չեմ ուզում, որ Իրանի առաջնորդը սպանվի, ոչ ոք հիմա այդ պաշտոնը չի ուզում. այս հայտարարությունն էլ ԱՄՆ նախագահն արել էր՝ խոսելով Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասին։
«Նա անհասանելի է, ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ։ Նրան նույնպես չեն տեսել, նրա հետ ինչ-որ բան է կատարվում։ Ես նրան առաջնորդ չեմ համարում», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Ամեն դեպքում, լրատվականները նաև փոխանցում են Թրամփի վստահեցումը, թե «Այաթոլան և ես համատեղ կվերահսկենք Հորմուզի նեղուցը, այն շատ շուտով կբացվի, եթե ամեն ինչ լավ ստացվի»:
Ամերիկյան լրատվականներՆ այս դրվագներին անդրադառնալով՝ հակասական տեղեկություններ են փոխանցում: Կայքերից մեկը գրում է , որ ԱՄՆ նախագահ Donald Trump-ը երկուշաբթի հայտարարել է՝ Իրանի համար սահմանված վերջնաժամկետը՝ մինչև օրվա ավարտը բացելու Strait of Hormuz-ը, հետաձգվում է՝ Թեհրանի հետ «լավ և արդյունավետ» խաղաղ բանակցությունների պատճառով, սակայն իրանական պետական լրատվամիջոցները հերքում են որևէ բանակցության առկայությունը և պնդում են, որ Թրամփը «նահանջել է» իր վերջնաժամկետից «Իրանի պատասխան գործողություններից վախենալով»։
Մեկ այլ լրատվական էլ հայտնում է ԱՄՆ – Իրան հնարավոր է հանդիպման մասին:
Իսրայելցի պաշտոնյան հայտարարել է , որ միջնորդ երկրները փորձում են Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում կազմակերպել։
«Հանդիպմանը կարող են մասնակցել Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը և այլ իրանցի պաշտոնյաներ, ինչպես նաև Ուիթքոֆը, Քուշները և, գուցե ԱՄՆ փոխնախագահ Վենսը։ Չի բացառվել, որ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ։ Պաշտոնյան նշել է նաև, որ Իսրայելը տեղյակ էր ԱՄՆ-ի և Թեհրանի միջև անուղղակի շփումների մասին, սակայն զարմացած էր Թրամփի երկուշաբթի օրվա արած մեկնաբանություններից։ «Մենք չգիտեինք, որ իրադարձություններն այդքան արագ են ընթանում»,- նշել է նա։



