Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ

Պետական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սամեբա տաճարում Իլիա II-ի հոգեհանգստի և հուղարկավորության ընթացքում, «ահաբեկությունների» վերաբերյալ երկու կեղծ, անանուն զանգ է ստացվել։ Ձերբակալվել է անչափահաս անձ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ՊԱԾ-ի մարտի 23-ին տարածած հաղորդագրության համաձայն, կիրակի օրը՝ մարտի 22-ին, մոտավորապես ժամը 14:30-ին, Ներքին գործերի նախարարության պահպանության ոստիկանության դեպարտամենտում ահաբեկչական ակտերի մասին երկու անանուն զանգ է հնչել՝ կեղծ հաղորդագրություններով։

«Զանգերի հեղինակն ասում էր, թե գտնվում է Սամեբա Մայր տաճարի հարակից տարածքում՝ հրազենով զինված, և ականապատել է Սամեբա Մայր տաճարի տարածքը»,- գրել է ՊԱԾ-ը։

Այդ ժամանակ Սամեբայում գտնվում էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ վրացի և օտարերկրյա հոգևորականներ, Տիեզերական Պատրիարքը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Այնտեղ էր «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ընտանիքի հետ՝ թիկնապահների ուղեկցությամբ։ Սամեբայի մոտակայքում հավաքված էին հազարավոր մարդիկ։

Իլիա II-ի մարմինը Սամեբայից դուրս է բերվել ժամը 14:40-ին։

ՊԱԾ-ի հայտարարության մեջ նշված է, որ ըստ զանգի հեղինակի՝ «եթե մոտակա 20 րոպեում տարհանում չիրականացվի, տեղի կունենա պայթյուն»։

Տեղեկությունների համաձայն՝ կիրակի օրը տաճարում անվտանգության միջոցառումներն ուժեղացված էին։ Տաճարը մարտի 22-ին՝ առավոտյան ժամը 2-ից մինչև 8-ը, փակ էր։

Պատրիարքարանի մամուլի ծառայության մարտի 21-ին տարածված պարզաբանմամբ՝ փակումը մասամբ պայմանավորված էր նրանով, որ պետք է պահպանվեին «պատվիրակությունների ներկայությունից բխող անվտանգության չափանիշները»։

Զանգի հեղինակին հայտնաբերել են կիրակի երեկոյան։

Ըստ նույն աղբյուրի՝ «առգրավվել են» մի քանի բջջային հեռախոսներ, նոութբուքեր և «գործի համար կարևոր այլ ապացույցներ»։

Անչափահասը մեղադրվում է ահաբեկության մասին կեղծ հաղորդում տալու համար։

Քրեական օրենսգրքի այս հոդվածը՝ 331-րդը, նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։

Կիրակի օրը՝ 2026 թվականի մարտի 22-ին, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ Իլիա II-ին հողին հանձնեցին Թբիլիսիի Սիոնի տաճարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031