ԱՄՆ-ն կարող է Լուկաշենկոյին հրավիրել Սպիտակ տուն․ FT
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Սպիտակ տանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը կազմակերպելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով Բելառուսի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջոն Քոուլին։
Պարբերականին տված հարցազրույցում նա հաստատել է, որ Վաշինգտոնի վարչակազմում արդեն «ամիսներ շարունակ» քննարկումներ են ընթանում Լուկաշենկոյին հրավիրելու վերաբերյալ։ «Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, բայց կարծում եմ, որ մենք կհասնենք դրան», — ասել է Քոուլը։
Նա հրաժարվել է նշել, թե արդյոք ամերիկյան կողմը որևէ նախապայման կառաջադրի Թրամփի և Լուկաշենկոյի հանդիպման կազմակերպման համար։ «Ի վերջո, դա կախված է նախագահից [Թրամփից]», — նշել է Քոուլը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ «սեպ խրել» Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միջև հարաբերություններում։ «Ես չեմ պատրաստվում սեպ խրել նրա և [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի միջև։ Դա 30-ամյա հարաբերություններ են, — ընդգծել է Քոուլը։ — Ես գիտեմ, թե ով է Լուկաշենկոն։ Բայց մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Մենք վստահում ենք միմյանց։ Սա Թրամփի ոճի արտաքին քաղաքականություն է, երբ դու ավելի մոտիկից ես ճանաչում մարդուն»։



