Գերմանիան ունի աշխատուժի պակաս և օգնության համար դիմում է Հնդկաստանին
Գերմանիան շարունակում է պայքարել որակավորված կադրերի պակասի դեմ. տարեց աշխատակիցները թոշակի են անցնում, իսկ բավարար թվով երիտասարդ թեկնածուներ չկան աշխատատեղերը զբաղեցնելու համար․ գրում է BBC-ն։
Խնդիրը մեղմելու համար երկիրն ավելի ու ավելի մեծ թվով աշխատողներ է ներգրավում Հնդկաստանից։
Նշվում է, որ Գերմանիան կանգնած է ժողովրդագրական լուրջ ճգնաժամի առաջ։ 2024 թվականի ուսումնասիրության համաձայն՝ երկրի տնտեսությունը տարեկան 288․000 օտարերկրյա աշխատող ներգրավելու անհրաժեշտություն ունի։ Հակառակ դեպքում մինչև 2040 թվականը երկրի աշխատուժը կարող է կրճատվել 10%-ով։
India Works ծառայությունը պատրաստվում է այս տարի Գերմանիա բերել 775 երիտասարդ հնդիկի՝ իրենց աշակերտությունն այնտեղ սկսելու համար: Նրանց համար նախատեսված մասնագիտությունների շրջանակը լայն է՝ ճանապարհաշինարարներ, մեխանիկներ, հացթուխներ և այլն:
2022 թվականին երկու երկրները ստորագրել են Միգրացիայի և շարժունակության գործընկերության համաձայնագիր, որից հետո Գերմանիայում որակավորված հնդիկ աշխատողների համար ավելի հեշտ է դարձել Գերմանիայում աշխատելը։ Այնուհետև, 2024 թվականի վերջին, Գերմանիան հայտարարեց, որ Հնդկաստանի քաղաքացիների համար որակավորված աշխատանքի վիզայի քվոտան տարեկան 20.000-ից կբարձրացնի մինչև 90.000։
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2024 թվականին Գերմանիայում կար 136․670 հնդիկ աշխատող՝ 2015 թվականի 23.320-ի համեմատ։



