Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. IRI-ի հարցումը

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հանրային կարծիքի նոր հետազոտությունը հրապարակվել է մարտի 6-ին։ Հարցումն անցկացվել է փետրվարի 3-13-ը հեռախոսային եղանակով (CATI)՝ Հայաստանի ողջ տարածքում։ Ընտրանքում ընդգրկվել է 1,506 մարդ՝ 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախկին բնակիչներ, որոնք այժմ բնակվում են Հայաստանում։ Հարցման սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետը:

Ըստ հարցման՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, հարցվածների ամենամեծ խումբը՝ 24 տոկոսը, կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի օգտին. 30 տոկոսը դեռ չի որոշել իր ընտրությունը։

Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Մեր ձևով»/«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժն է՝ 9 տոկոսով։

«Հայաստան» դաշինքը և Ռոբերտ Քոչարյանը ստացել են 3%։ Ըստ հարցման՝ նույնքան ձայն ստացել է նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»։

Մյուս քաղաքական ուժերից Արման Թաթոյանի «Միասնության թևերը», Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Վարդան Ղուկասյանը (ԴՈԿ), Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ստացել են մեկական տոկոս։

Ի դեպ, հարցման մասնակիցների 5%-ը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 8%-ը՝ չի մասնակցի ընտրությանը, 9%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 30%-ը հայտնել է, որ դեռ չի որոշել կամ դժվարանում է պատասխանել։

Մասնակցության պատրաստակամությունը բարձր է

Հարցվածների 84%-ը հավանական է համարել, որ կմասնակցի 2026-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։

Մասնակցության ամենաբարձր պատրաստակամությունը արձանագրվել է 56 և բարձր տարիքի քաղաքացիների շրջանում՝ 88 տոկոս։ 18-35 տարեկանների շրջանում այս ցուցանիշը 80 տոկոս է։

Աշխարհագրական բաժանմամբ՝ Երևանում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնել է 84%-ը, այլ քաղաքներում՝ 86%-ը, գյուղական բնակավայրերում՝ 83%-ը։

Ընտրություններին չմասնակցելու պատճառների շարքում 20%-ը նշել է, որ չի վստահում որևէ կուսակցության կամ առաջնորդի, 13%-ը կարծում է, որ իր ձայնը նշանակություն չի ունենա, 11%-ը պատասխանել է, որ ընտրություններն իր համար կարևոր չեն, իսկ 10%-ը նշել է, որ որևէ քաղաքական ուժ իրեն չի ոգեշնչում։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն՝ գրեթե նույն մակարդակում

«Հայաստանի համար առավել կարևոր քաղաքական գործընկեր» հարցում Ռուսաստանը ստացել է 43%, ԱՄՆ-ն՝ 42%, Իրանը՝ 34%։

Եվրամիությունը կարևոր գործընկեր է համարել հարցվածների 29%-ը, Ֆրանսիան՝ 27%-ը, Չինաստանը՝ 21%-ը, Վրաստանը՝ 18%-ը, Հնդկաստանը՝ 6%-ը։

Ուշագրավ է, որ 3%-ը որպես կարևոր գործընկեր նշել է Թուրքիան, 2%-ը՝ Ադրբեջանը։

Սպառնալիքների ընկալումը՝ Ադրբեջան և Թուրքիա

Հարցվածների 80%-ը Ադրբեջանը համարել է Հայաստանի համար ամենամեծ քաղաքական սպառնալիքը, 69%-ը՝ Թուրքիան։

Ռուսաստանը սպառնալիք է համարել 29%-ը, ԱՄՆ-ն՝ 10%-ը, Վրաստանը՝ 6%-ը, Իսրայելը՝ 4%-ը։

Համեմատության համար՝ 2025-ի հունիսին Ադրբեջանին սպառնալիք էր համարել 87%-ը, Թուրքիային՝ 79%-ը, Ռուսաստանին՝ 27%-ը։

ԵՄ անդամակցությունը լայն աջակցություն ունի

Հարցվածների 72%-ը հայտարարել է, որ կողմ է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրամիությանը։

51%-ը կողմ կքվեարկեր ԵՄ անդամակցությանը, «եթե առաջիկա կիրակի անցկացվեր ԵՄ անդամակցության հանրաքվե»։

ԵՄ-ին միանալու հիմնական առավելությունը 26%-ը համարել է տնտեսության հզորացումը, 14%-ը՝ անվտանգության ամրապնդումը, 10%-ը՝ երկրի զարգացումը։

Հիմնական թերությունների շարքում 22%-ը նշել է, որ ԵՄ-ն հուսալի գործընկեր չի լինի, 15%-ը խոսել է ազգային արժեքների վատթարացման մասին, 12%-ը՝ հայկական ընտանեկան նորմերի վատթարացման մասին։

ԹՐԻՓՓ-ի շուրջ հասարակությունը կիսված է

2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած համատեղ հռչակագրի՝ ԹՐԻՓՓ կամ Թրամփի ուղու վերաբերյալ հարցվածների 44%-ը դրական է արտահայտվել, 47%-ը՝ բացասական։

30%-ը ԹՐԻՓՓ-ի առավելությունը տեսնում է տնտեսական աճի մեջ, 19%-ը՝ խաղաղության հաստատման, 16%-՝ շրջափակումից դուրս գալու։

Հիմնական ռիսկերի շարքում 20%-ը նշել է բացասական ազդեցությունը տնտեսության վրա, 16%-ը՝ թշնամի երկրների քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան, 7%-ը՝ Սյունիքը կորցնելու վտանգը։

Տեսանյութեր

Լրահոս