Կատարը զգուշացրել է համաշխարհային ճգնաժամի և նավթի գնի մինչև 150 դոլար բարձրացման մասին

Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական ճգնաժամի և էներգակիրների գների կտրուկ աճի. Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Կաթտարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: Ըստ նախարարի՝ եթե հակամարտությունը շարունակվի, Պարսից ծոցի երկրների էներգակիր արտահանողներն առաջիկա օրերին կարող են դադարեցնել արդյունահանումը, ինչը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի և մի քանի երկրների տնտեսությունների փլուզման:

Նրա գնահատմամբ՝ եթե հակամարտությունը տևի մի քանի շաբաթ, նավթի համաշխարհային գները կարող են բարձրանալ մինչև 150 դոլար մեկ բարելի համար: Այսօր Brent նավթի գինը մեկ բարելի համար բարձրացել է, հասնելով 88 դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է Իրանում հակամարտության սկսվելուց ի վեր: Եվրոպական գազի գները ևս աճել են 5%-ով:

Կատարի գազի շուկայում խնդիրները սկսվել են Կատարի խոշորագույն հեղուկ գազի գործարանի՝ Ռաս Լաֆանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Հարվածից հետո Կատարը ստիպված է եղել հայտարարել մատակարարումների վերաբերյալ անհաղթահարելի ուժի մասին: Երկիրը աշխարհում երկրորդ խոշորագույն հեղուկացված բնական գազի արտադրողն է, և նույնիսկ եթե ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվեն, մատակարարման բնականոն ժամանակացույցի վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։

Բացի դրանից, հակամարտությունը կարող է հետաձգել Կատարի Հյուսիսային դաշտում գազի արդյունահանման ընդլայնման 30 միլիարդ դոլար արժողությամբ խոշորագույն նախագիծը, որը նախատեսված է մինչև 2027 թվականը հեղուկացված բնական գազի արդյունահանման հզորությունը տարեկան 77 միլիոնից 126 միլիոն տոննայի հասցնելու։

Տեսանյութեր

Լրահոս