Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանը մեկնարկում է փաստահավաք առաքելություն՝ 2026 թ. հունիսի ընտրություններից առաջ

Հայաստանում Ժողովրդավարության Միջազգային Դիտարանը (IODA), միջազգային, անկուսակցական կազմակերպություն, այսօր հայտարարեց իր առաջին փաստահավաք առաքելության մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով գնահատել ժողովրդավարական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության 2026 թ. հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

2026 թ. մարտի 7-ից 12-ը պատվիրակությունը Հայաստանում կանցկացնի խորհրդակցություններ քաղաքական և քաղաքացիական հասարակության լայն շրջանակ ներկայացնող դերակատարների հետ։

«Առաջիկա ամիսներին Հայաստանի ժողովրդավարությունը կանգնած է լինելու լուրջ ստուգողականի առաջ», — նշել է IODA-ի հիմնադիր և համակարգող, միջազգային ճանաչում ունեցող մարդու իրավունքների փաստաբան դոկտոր Ֆիլիպ (Րաֆֆի) Քալֆայանը։ «Խորը քաղաքական բևեռացման, արտաքին միջամտության վերաբերյալ պնդումների, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների, լրագրողների, հոգևորականների և այլ այլախոհ ձայների նկատմամբ ճնշումների աճող մտահոգությունների պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք հունիսյան ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին։ Մեր առաքելության նպատակն է գնահատել իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, լայն շփումներ հաստատել հասարակության տարբեր շերտերի հետ և մեր եզրակացությունները ներկայացնել թե՛ տեղական շահագրգիռ կողմերին, թե՛ միջազգային հանրությանը»։

Պատվիրակությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների, Ազգային ժողովի խմբակցությունների, Բարձրագույն դատական խորհրդի, Սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի), Դատավորների միության և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում են նաև խորհրդակցություններ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների՝ ներառյալ իշխող կուսակցության, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, լրատվամիջոցների, ինչպես նաև Եվրոպական միության, Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի և ՄԱԿ-ի դիվանագիտական ներկայացուցիչների հետ։

«Ընտրական օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունները, քաղաքական մասնակցության վրա ազդեցություն ունեցող օրենսդրական նախաձեռնությունները, կամայական ձերբակալությունների մասին հաղորդումները, ինչպես նաև խոսքի ազատությանը՝ ներառյալ առցանց հաղորդակցությանը, սպառնացող գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների պարտավորությունների կատարման առնչությամբ», – նշել է IODA-ի Գործադիր խորհրդի անդամ և Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։ «Այս փաստահավաք առաքելությունը նախաձեռնել ենք՝ ընդգծելու համար, որ Հայաստանում ժողովրդավարական պայմանները գտնվում են ուշադիր դիտարկման ներքո և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու է միջազգային հանրությանը»։

Տեսանյութեր

Լրահոս