Իշխանությունների քաղաքականությունը ծայրից ծայր աբսուրդ է, կործանիչ. Վազգեն Սիսլյան
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Այս մասին երեկ ահազանգել էր Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Ըստ ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի՝ ՀՀ օրվա իշխանության որևէ քայլ տրամաբանական չէ, կործանիչ է, բանակում գնդերեցների ինստիտուտի լուծարումն էլ այդ կործանիչ քայլերից մեկն է։
«Այս իշխանությունների քաղաքականությունը ծայրից ծայր աբսուրդ է։ Սրանք ինչ անում են՝ Հայաստանի շահին ու տրամաբանությանը հակառակ են անում, այսպիսին են այսօրվանները։
Իշխանությունն այսօր կարծում է՝ ամենաճիշտն է, ժամանակն իրենց այս քայլերի հետևանքը ցույց կտա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սիսլյանը։
Ըստ նրա, օրվա իշխանությունն ինչ որոշում է՝ սխալ, անտրամաբանական, այդպես էլ անում է, այստեղ ժողովուրդն արթնանալու ու այս ամենը թույլ չտալու խնդիր ունի։
«Ժողովուրդն այնպես պետք է արթնանա, որ հանկարծ ուշ չլինի, եթե այսպես շարունակվի, ուշ կլինի։
Այս երկրի տերը քաղաքացին է, ժողովուրդն է, իրավունք ունի իր խոսքն ասելու։ Որևէ իշխանություն՝ առանց ժողովրդի կամքի, իրավունք չունի նման հիմար որոշում կայացնելու»,- ընդգծեց Վազգեն Սիսլյանը։
Նշենք, որ ավելի վաղ հոգևորականներն ահազանգել էին, որ Զինված ուժերում հոգևորականներին իշխանության տարբեր ներկայացուցիչներ ստիպում են միանալ Նիկոլ Փաշինյանի «եկեղեցու բարեկարգման» օրակարգին։ Սրա վերաբերյալ Մայր Աթոռը հայտարարությամբ էր հանդես եկել՝ երևույթը դատապարտելի ու անընդունելի որակելով։ Իսկ այդ ամենին արդեն հետևեց ԶՈւ-ում գնդերեցների ինստիտուտի լուծարումը։
