Սուրբ Սարգսի օրը երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, իսկ տոնին նախորդող գիշերը աղի բլիթ են ուտում
Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հայ ժողովրդի համար սիրելի սրբերից մեկի՝ Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հիշատակության օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համաքրիստոնեական սուրբ է։
Ըստ ժողովրդական պատկերացումների՝ նա գորշ կամ ճերմակ ձիավոր էր, ով ձիով շրջում էր լեռներում և օգնում խեղճերին, կարիքավորներին ու ճանապարհորդներին։ Սուրբ Սարգիսը նաև երիտասարդ սիրահարների օգնականն ու պահապանն է, ճանապարհին վտանգվածների ապավենը և արագահաս օգնականը բոլոր նեղյալների, որի համար նրանք, ովքեր անակնկալ ու հանկարծահաս որևէ փորձության են ենթարկվում, իսկույն հիշում են Սուրբ Սարգսին։
Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։
Տարիներ առաջ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով. այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված և տոնին նախորդող գիշերը աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
