Հմուտ նավապետը փոթորկի ժամանակը նավը օվկիանոս չի հանում, չպետք է հայտնվենք բախման կետերում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում իր ներածական խոսքում նախ հարկ համարեց անդրադառնալ աշխարհաքաղաքական զարգացումներին, քանի որ, ինչպես նկատեց, չափազանց հետաքրքիր պրոցեսներ են ընթանում, հին աշխարհակարգը փլվել է, նորը ձևավորվում է:

«Եվ ամենից հետաքրքիրն այստեղ այն է, որ ԱՄՆ-ը հենց ինքն է ապամոնտաժում այն աշխարհակարգը, որը հենց ինքն էլ ձևավորել է։ Սա արձանագրված է ԱՄՆ-ի անվտանգության նոր հայեցակարգում, որը բավականին հետաքրքիր փաստաթուղթ է։

Առաջինը, ԱՄՆ-ը ընդունում է, որ աշխարհն արդեն բազմաբևեռ է, հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից։ Հետաքրքիր արձանագրում է, որ հիմնական հակառակորդն այսօր Չինաստանն է, մյուս արձանագրումը, որ Ռուսաստանի հետ պատրաստ են և տեսնում են հնարավորություն կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ կառուցել։ Եվրոպայի գնահատականը եվրոպացիների համար նվաստացուցիչ էր, բայց ուղղակի հետևյալն է, որ Եվրոպան դեգրադացվում է։ Այդ բառը չի օգտագործվում, բայց ամբողջ բնութագիրը հենց դա է նշանակում՝ և՛ տնտեսական, և՛ արժեհամակարգային, և այլն:

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք մեզ համար՝ ընդհանրապես Հարավային Կովկասի մասին զրո հիշատակում կա։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը այստեղ չունի ֆունդամենտալ շահեր՝ ո՛չ տնտեսական, ո՛չ էլ անվտանգային։

Կարդացեք նաև

Մյուս կողմից, ԱՄՆ նախագահն ասում է, որ իրեն չի հետաքրքրում միջազգային իրավունքը, իրեն զսպում է միայն իր բարոյականությունը և իր պատկերացումն աշխարհի մասին։ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Միլլերն էլ ասում է՝ մենք գերպետություն ենք և գործում ենք իբր գերտերություն։ Հաջորդը, որ քաղաքավարությունն այլևս միջազգային հարաբերություններում մնացել է անցյալում։

Հիմա ինչպե՞ս համատեղել այս երկու հանգամանքը, որ մի կողմից՝ աշխարհը բազմաբևեռ է, մյուս կողմից՝ միակողմանի ճնշում կիրառելով քաղաքականությունն է։ Առաջին հայացքից թվում է, թե բազմաբևեռ աշխարհը ենթադրում է, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնես միջազգային օրենքների վրա, քանի որ կան հակառակորդներ, որոնք համադրելի են իրենց կարողություններով քո հետ, և դա կարող է բերել լուրջ խնդիրների։ Բայց հիմա փաստը սա է: Ի՞նչ կարգի հետևանքներ կարող են այստեղ լինել: Կամ պետք է լինի մեծ պատերազմ, կամ աշխարհը պետք է բաժանեն ազդեցությունների գոտիների։ Ի՞նչ է անում Թրամփը: Նա կառավարվող էսկալացիաների ճանապարհով փորձում է աշխարհը բաժանել ազդեցության գոտիների։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը. Աշխարհը շատ ավելի վտանգավոր է, և Հայաստանը պետք է անի ամեն, ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար։ Հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավն օվկիանոս չի հանում, որպեսզի չվտանգի և՛ նավը, և՛ անձնակազմը: Սա ուղղակի վերաբերում է Հայաստանին։ Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի շահերի բախման կիզակետում»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։

Այս համատեքստում նա բերեց այն երկրների օրինակները, թե ինչ տեղի ունեցավ նրանց հետ, որոնք անտեսեցին այս կարևոր հանգամանքը:

«Առաջինը, Վրաստանը Սահակաշվիլիի ժամանակ փորձեց խաղալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակասությունների վրա, ստացավ պատերազմ և տարածքային կորուստներ։ Զելենսկու Ուկրաինան փորձեց խաղալ ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի շահերի բախման ամենացավոտ կետերի վրա, ստացավ սարսափելի պատերազմ և տարածքային կորուստներ։

Եվ Հայաստանը Փաշինյանի ժամանակ մտավ այդպիսի խաղերի մեջ, ստացավ պատերազմ, կորուստներ՝ և՛ մարդկային, և՛ տարածքային։

Պետք է փորձենք հմուտ անել ամեն ինչ, որ Հայաստանը այս դասերից հետևություններ անի»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս