Պաշտոնյաները լարված ու սթրեսային աշխատանք են կատարում, չպետք է սոցիալական խնդիրների մասին մտածեն

Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ պետական պաշտոնյաների՝ միլիոնների հասնող պարգևավճարներին և դրա վերաբերյալ հանրության շրջանում առաջացած դժգոհություններին ու քննադատություններին, նաև պատասխանեց լրագրողի հարցին, թե կոնկրետ ո՞ր նվաճումների համար են պետական պաշտոնյաները ստանում 13-րդ և 14-րդ աշխատավարձ ու պարգևավճար։

«Պետական պաշտոնյաների աշխատավարձը մեծ հաշվով վերջին 5-6 տարիներին չի փոխվել։ Եվ քննարկում եղել է 1-2 տարի առաջ այն մասին, որ այստեղ ինչ-որ բան է  պետք անել, քանի որ ակնհայտ է, կա խնդիր՝ կապված նրա հետ, որ որակյալ մասնագետներ կամ մեծ հաջողություն ունեցած մարդիկ, ովքեր մասնավոր հատվածում ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, պետական համակարգ ներգրավելը տարբեր պատճառներով այդքան էլ հեշտ չէ։ Այս պատճառներից մեկը նաև աշխատավարձերի այն մակարդակն է, որը գոյություն ունի։ Բնականաբար, կարելի է ասել, որ քաղաքական և հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ էլ ավելի խոցելի են, եթե համեմատենք մասնավորի հետ։ Այստեղ գուցե պետք է նաև մի փոքր ավելին վճարել այդ աշխատանքն անելու համար»,- նշեց Վահե Հովհաննիսյանը։

Ըստ ֆինանսների նախարարի՝ քննարկումների ժամանակ անձամբ իր դիրքորոշումն այն է եղել, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձերն այդքան էլ ճիշտ չէ։ Փոխարենը՝ պետք է ներդրվեր մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանային որոշակի թիրախներ դնել ու դրանց գնահատման արդյունքում բարձրացնել աշխատավարձերը։

«Այս համակարգը պիլոտային ձևով ներդրեցինք անցած տարվա սկզբից, այսինքն՝ սահմանվեցին թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար։ Տարվա կեսին արդեն եղավ գնահատման պրոցես, թե որքանով են կատարվել։ Բնականաբար, տարբեր գերատեսչությունների համար դրանք տարբեր էին։

Կարդացեք նաև

Ես չէի ասի, որ դա պարգևավճար է, որովհետև  ըստ էության այդ աշխատավարձի բարձրացում է՝ ուղղակի մի փոքր այլ եղանակով։

Խոսեցիք այն մասին, որ սրանից զայրույթ է առաջանում, ուզում եմ սրա վրա մի փոքր ուշադրություն դարձնեմ, թե ինչից կարող եք զայրանալ։ Այս քայլն անելը, կարելի է  ասել, մի քիչ խիզախ քայլ է, որովհետև նախկինում նման թեմա գոյություն չուներ, որովհետև ավելի հեշտ էր, որ մեկը գար ու կանխիկ փողը բաժաներ։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչ թափանցիկ լինի»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։

Նա նաև շեշտեց՝ գուցե այս ամենը սկզբից կատարյալ չլինի, քանի որ գնահատման համակարգ դնելը, հատկապես՝ պետական համակարգում, նախարարների համար դժվար է։ Այդ պատճառով էլ անվանել են պիլոտային ծրագիր և փորձել են «հավելյալ աշխատավարձ» տրամադրել այդ եղանակով։

«Կարծում եմ՝ մեր հանրությունը  պետք է, եթե չասեմ՝ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բավականին լարված ու սթրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը կատարելության հասցնելու մեր հանձնառությանը»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս