Տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը կառաջացնի տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, TRIPP ծրագրի իրագործումը, ինչպես նաև Հայաստանի հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։
Այս մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ, որը բացառիկության իրավունքով տրամադրվել է «Արմենպրես»-ին։
«2025 թվականին շարունակվել է գլոբալ և տարածաշրջանային երկրների մրցավազքը տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ։ Տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով։ Նման ծրագրերի համար գլոբալ և տարածաշրջանային մրցակցության դինամիկան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։
Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը, թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից, տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում ներգրավման միջոցով։ Մեր տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես՝ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, TRIPP ծրագրի իրագործումը, ինչպես նաև մեր հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։
Այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արևմուտքում՝ Հայաստան-Թուրքիա և արևելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար՝ սահմանի երկու կողմում։
Բացի այդ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռնի տարածաշրջանում մարդկանց, բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը ու միջազգային գրավչությունը։
Մեր գնահատմամբ՝ մեծ է հավանականությունը, որ մեր տարածաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան կպահպանվի 2026 թվականին։ Միևնույն ժամանակ, ենթակառուցվածքային աշխարհաքաղաքականությունն ի ցույց է դնում, թե ինչպես են պետական դերակատարները տնտեսական լծակներ ու կախվածություն առաջացնելու միջոցով օգտագործում ենթակառուցվածքները՝ ընդլայնելու համար սեփական ազդեցությունը։ Կարծում ենք, որ մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, և թե՛ վնասարար այլ գործողությունների դրսևորումներով»,- ասված է զեկույցում։
