Ինչո՞ւ ԿԳՄՍՆ-ն չի շնորհավորել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ. նախարարության պարզաբանումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս տարի սկսել է մշակույթի, արվեստի վաստակավոր գործիչներին այցելությամբ, նրանց ծննդյան տարեդարձները շնորհավորելով։

Օրինակ, հունվարի 8-ին նախարարությունը պաշտոնական գրառմամբ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին, իսկ հունվարի 9-ին Անդրեասյանն այցելել էր Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանին և նրան շնորհավորել ծննդյան 71-րդ տարեդարձի կապակցությամբ։

Հունվարի 12-ին էլ նախարարն այցելել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին՝ շնորհավորելու երգչին 85-ամյակի կապակցությամբ:

Հունվարի 10-ին ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նշեց ծննդյան 68-ամյակը։

Նախարարը ոչ միայն չայցելեց նրան շնորհավորելու, այլև ԿԳՄՍՆ պաշտոնական էջով որևէ շնորհավորանք չեղավ։

Aysor.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք նրանով, որ Հրանտ Թոխատյանն ընդդիմադիր հայացքներ ունի, մշտապես քննադատում է իշխանություններին։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես ուշադիր է մշակույթի գործիչների տարեդարձները և նրանց ձեռքբերումներն արժևորելու հարցում: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեդարձները նշանավորվում են ինչպես ԿԳՄՍ նախարարության, այնպես էլ նախարարության ենթակայությամբ գործող այն կառույցների կողմից, որտեղ աշխատում և ստեղծագործում են անվանի գործիչները:

Հոբելյանական տարիների շրջանակում ինչպես նախարարության, այնպես էլ նախարարության ենթակա կառույցների կողմից իրականացվում են տարատեսակ միջոցառումներ և ծրագրեր, որոնք միտված են տվյալ գործչի գործունեության հանրահռչակմանը, արվեստի ներկայացմանն ու արժևորմանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի տարեդարձը շնորհավորել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Երևանի կամերային պետական թատրոնը, որտեղ սիրված դերասանը աշխատել է երկար տարիներ և պարբերաբար շարունակում է հանդես գալ որպես հրավիրյալ արտիստ:

Երևանի կամերային պետական թատրոնին վերջին երկու տարվա ընթացքում տրամադրվել է ձայնային տեխնիկա և գույք (ընդհանուր գումարը՝ 31 մլն դրամ)՝ թատերական ներկայացումների որակը և աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: Ինչպես նաև 2025 թվականից թատրոնում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը, որը տալիս է ֆինանսական ինքնաբավության հնարավորություն»,-պատասխանեցին նախարարությունից:

Տեսանյութեր

Լրահոս