«Նիկոլի գործարքն Իրանի ու ՌԴ-ի դեմ է. Իրանում ցույցերի ֆոնին Միրզոյանին բերման ենթարկեցին Վաշինգտոն». Սուրեն Սուրենյանց
Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ՝ «Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն»։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Իրանն ամենադժվար պահերին Հայաստանի կողքին է եղել։
«Արդեն վեց օր է՝ երեկոյան ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ականատես ենք լինում այն բանի, որ մի խումբ մարդիկ հավաքվում են Իրանի դեսպանատան դիմաց, հանդես են գալիս շատ անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը ՀՀ համապատասխան մարմիններին, այդ գործընթացը շարունակվում է։
Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են, մենք այսօր շատ ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որն այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրղոլամին։
Այսօր 168.am-ը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեց, թե՞ ինչպես կմեկնաբանի իրանցի դիվանագետի այս հայտարարությունը, և այսուհետ ի՞նչ զարգացումներ կարող են լինել հայ-իրանական հարաբերություններում։
«Ինքս հենց նոր կանխատեսում էի, թե ինչ արձագանք կարող է լինել Իրանից։ Ասում էի, որ ադրբեջանա-ամերիկյան գործարք է տեղի ունեցել օգոստոսի 8-ին, որտեղ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել։ Եթե Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի գործարք է եղել, հարց է առաջանում՝այս գործարքն ո՞ւմ դեմ է եղել։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի դեմ չէր կարող լինել, նախ, որովհետև գործարքին նա մասնակցել է բուտաֆորիայի դերում, հետո էլ՝ երբ Բաքվից ու Անկարայից թքում են Հայաստանի իշխանության դեմքին, իշխանությունը դա համարում է անձրև։ Բնականաբար, այս գործարքը տեղի է ունեցել Իրանի ու Ռուսաստանի դեմ, բա ի՞նչ էիք կարծում, Իրանը պետք է սահմանափակվեր դիվանագիտական զգուշացնող մեկ հայտարարությա՞մբ։ Այո, Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությունը դրել է հակաիրանական գործարքի տակ։ Նիկոլին թվում է, թե Թեհրանում, Մոսկվայում կամ Պեկինում նստած են ՔՊ-ի ուղեղով միջին վիճակագրական ուսապարկեր ու չեն հասկանալու, թե ինքն ինչ է արել»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
Ըստ քաղաքագետի, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դարձել է Ադրբեջանի, Իսրայելի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի պրոքսի գործիքը՝ Իրանի ու Ռուսաստանի դեմ։
Նա նաև հավելեց, որ Հայաստանը չի կարող այլևս հրաժարվել ստանձնած միջազգային պարտավորությունից։ Պետք է փորձի բանակցել, գործընկերների աջակցությունն օգտագործելով՝ բալանս ստեղծել, որը ՀՀ օրվա իշխանությունը չի կարող անել։
«Ցավոք, Իրանից ավելի կոշտ հայտարարություններ եք լսելու։
Իրանում ցույցերի ֆոնին Արարատ Միզոյանին «բերման ենթարկեցին» Վաշինգտոն։ Պարզ չէ՞, որ Արարատ Միրզոյանի այցի ժամանակացույցը Վաշինգտոնում այնպես են արել, որ հարմարեցնեն Իրանում տեղի ունեցող գործընթացների հետ, որովհետև Վաշինգտոնի համար այս գործարքը, նկատի ունեմ ԹՐԻՓՓ-ը, ո՛չ Հայաստանի մասին է, ո՛չ էլ Ադրբեջանի, սա գործարք է առաջին հերթին՝ Իրանի դեմ»,- ընդգծեց Սուրեն Սուրենյանցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
