Դուք ո՞վ եք, որ Աստծու օծյալի վրա սուր բարձրացնեք, տիրադավնե՛ր, դուք դավաճանել եք Աստծուն․ Հայկ Նահապետյան

Փաշինյանի նախաձեռնած իբր ուխտերթում ուխտի որևիցե տարր չկար, նա ընդամենը հերթական ցնդաբանությունները դուրս տվեց բեմում՝ եկեղեցու մոտ։ Ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասաց, թե շուտով հավաքվելու են Էջմիածնի կենտրոնական հրապարակում և գնան Մայր Աթոռ։ Փաշինյանն այդ գործընթացը դիտարկում էր այն տեսանկյունից, որ կա լուրջ հակասություն պետության և Վեհափառ Հայրապետի միջև։ Քարոզչական այդ թեզն օրակարգում դարձավ եկեղեցու և Փաշինյանի հակադրություն։ Ապա նա ասաց, թե ամուսնացյալ մի քահանա պետք է լինի կաթողիկոսի տեղապահ։ Նա հույս ուներ մոտ 200 ամուսնացյալ քահանաներից մի մեծ բեկոր պոկելու։ Պոկվեցին ընդամենը երեք հոգի, որոնք շուտով կարգալույծ արվեցին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Ապա Փաշինյանը որոշեց, որ պիտի գնա այդ կարգալույծ քահանաների եկեղեցիներ և ուժով եկեղեցին վերցնի։ Այդպես առաջին անգամ եղավ Հովհաննավանքում։ Հովհաննավանքի առաջին հավաքին կար ԱԺ երեք ՔՊ-ական պատգամավոր և կառավարության երեք անդամ։ Մի քանի հարյուր հոգու հավաքեցին, տարբեր տեղեր գնացին՝ Գառնի, Արարատ, Խաչիկ, էլի չստացվեց։ Ապա հայտնվեցին տասը ուխտադրուժ եպիսկոպոսները, որոնց դեմ, ամենայն հավանականությամբ, վարկաբեկիչ նյութեր կան, որոնք ոչ միայն բարոյական, այլև իրավական հետևանքներ կարող են առաջացնել»,- ասաց հասարակական գործիչը:

«Տասը տիրադավները, վախենալով, որ իրենց կդատեն, մարմնավոր որոշում են կայացրել։ Իրենք կարող էին Վեհափառին ասել, որ իրենց վրա նյութ կա, իրենց ստիպում են Մայր Աթոռին դեմ գնալ։ Օրինակ, Արշակ Սրբազանը հոգևոր է մտածել, իսկ այս տասը՝ մարմնավոր՝ բանտում հայտնվելու վախից դրդված։ Նրանք հույս ունեին, որ իրենց արագորեն կմիանան նաև այլք։ Նրանց հրապարակ գալուց մի քանի օր հետո հրապարակվեց մի ցուցակ՝ 27 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրություններով, որոնք իրենց հավատարմությունն էին հայտնում եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։ Վերջին քայլն էլ դեկտեմբերի 18-ի Գերագույն հոգևոր խորհրդի նիստը տապապելու փորձն էր, որը ևս չհաջողվեց»,- նշեց ռազմական գործիչը:

Կարդացեք նաև

Նահապետյանի պնդմամբ՝ Վեհափառ Հայրապետն օծյալ է Աստծու ներկայությամբ և որոշումով, իսկ Աստծու որոշումը մարդը չի կարող փոխել.

«Դուք ո՞վ եք, որ Աստծու օծյալի վրա սուր բարձրացնեք։ Տասը տիրադավները դավաճանել են Աստծուն, որովհետև Աստծու օծյալն է շնորհները փոխանցում հոգևորականներին և եկեղեցու նվիրյալ ու հավատավոր զավակներին։ Փաշինյանը համոզվեց, որ ուժով Մայր Աթոռը գրավել չի կարող։ Հիմա իրենք հոպոպի պես թռչկոտում են մի եկեղեցուց մյուսը»:

«Փաշինյանը պատրաստվում է հունիսի համապետական ընտրություններին և  ընդդեմի գործիքակազմն է օգտագործում։ Այս անգամ թիրախում է Վեհափառ Հայրապետը։ Դրանով հանդերձ՝ նա փորձում է կոնսոլիդացնել նաև այն կառույցներին, որոնք իրենց եկեղեցի են կոչում, ասենք՝ ավետարանականները և խարիզմատները։ Նա փորձում է գեներացնել այն ընտրազանգվածը, որն իրեն ձայն կտա, եթե իր պարտադրանքով Վեհափառ Հայրապետը հեռացվի։ Փաշինյանի արածը սատանայական է, նա փորձում է աղանդ ստեղծել, որի գլուխն ինքն է»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս