Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է շուտով ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավման մասին
Հարավային Կորեայի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են շուտով բարելավվել: Այս մասին Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնն ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցին։
«Թվում է, որ արդեն շուտով Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն», – ասել է Լի Չժե Մյոնը։
Ավելի վաղ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը քանիցս հայտարարել էր, որ պահպանում է Ռուսաստանի հետ «անհրաժեշտ կապը», գլխավորապես Ռուսաստանում Կորեայի Հանրապետության դեսպանի միջոցով։
«Կապույտ տուն» պատմական համալիր վերադառնալուց հետո աշխատանքի առաջին օրը Լի Չժե Մյոնն այցելել է մամուլի կենտրոն, որտեղ աշխատում են հավատարմագրված լրագրողները։
Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 29-ին ժամը 00.00-ից պաշտոնապես վերադարձել է Սեուլի հին կենտրոնում գտնվող «Չհոնվադե» (Կապույտ տուն) անվանումը կրող պատմական համալիր։
Վերադարձը տեղի է ունեցել մոտավորապես երեք տարի և յոթ ամիս անց այն բանից հետո, երբ նախագահական գրասենյակը նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի կառավարության օրոք տեղափոխվեց Յոնսանիում գտնվող պաշտպանության նախարարության համալիր։
