Հայաստանը պիտի ձերբազատվի դրածո իշխանությունից, առաջիկա ընտրությունը մեր լինելիության հարցն է․ Աբրահամ Գասպարյան
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի գործունեության 5-ամյակի առթիվ ելույթ ունեցել կենտրոն- հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Ելույթը՝ ստորև. «Երբե՛ք չենք վարանել քննական միտքը դարձնել աշխատանքային գործելաոճ, որը մեզ հնարավորություն կտա ճիշտ հունավորել մեր նպատակները:
Ավելորդ է վերհիշել ծանրագույն մարտահրավերները, որոնց առջև կանգնած ենք՝ որպես բարոյալքված, պառակտված, ազգային դիմագիծը կորցրած հանրույթ և ռազմաստրատեգիական ու աշխարհաքաղաքական կշիռը կորցրած պետություն։ Հատկապես հետպատերազմյան հայությունն ու Հայաստանն արդարացիորեն չզլացան օբյեկտիվ ու բացասական բնութագրականներով պիտակավորել գործող իշխանության որդեգրած ապազգային, արկածախնդիր, հակապետական քաղաքական կուրսն ու գործելաոճը, ներազգային ատելություն սերմանելու և տարածելու՝ համակարգված և թշնամական քարոզչությունը: Լրացուցիչ նվաստացնող պիտակավորումների կարիք չկա՛։
Ընդամենը ֆիքսենք քաղաքական ու անվտանգային լրջագույն մարտահրավերները, որոնք որպես ժառանգություն մնացել են մեզ, և որոնք պարտավոր ենք հաղթահարել առաջիկայում։ Ստրատեգիական առումով՝ Արցախի կորստից հետո ՀՀ-ը զրկվեց ռազմավարական խորքից։ Հայաստանի աշխարհագրական տարածքը՝ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան կողմերից՝ օկուպացիայի ամենրոպեական սպառնալիքի տակ է, ջրային ամենամեծ ավազանը՝ ռիսկային գոտում։ Սա նշանակում է, որ Հայաստանը չունի անվտանգային կենսունակություն, իսկ ամենավատը, որ գործող իշխանությունը չունի պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջության վերականգնման և անվտանգության կենսապահովման համար ելակետային մոտեցում, սկզբունքայնություն և հեռանկար:
Այսուհանդերձ՝ քաղաքական ախտորոշման, վերլուծությունների ու տարատեսակ գնահատականների ժամանակն անցել է: Կա Հայաստանի նեոգաղութացումը շրջանցելու հարցում ազգային նպատակը խելամիտ ձևակերպելու և հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու խնդիր, այն իրականացնելու համար պահանջվող քաղաքական հստակ գործիքակազմ, համապատասխան տեխնոլոգիաներ, գաղափարի ու գործի ընկերների հետ ներդաշնակ աշխատանքի հմտություն և ամենակարևորը՝ ազգային երազանք ունեցող, չեմ վարանի ասել՝ հայրենապաշտ երիտասարներ, նրանց գաղափարական խենթությունները ռացիոնալ դաշտ բերող, իմաստավորված կենսափորձ ու քաղաքական համարձակության տարեգրություն ունեցող երեց ընկերներ:
Անցած 5 տարում ՋԱ-ն գործեց հենց ա՛յս տրամաբանությամբ, և շարունակում է իր սահմանած խնդիրը, ծրագրով ու կանոնադրությամբ հստակեցված առաքելությունն իրականացնել ամենայն պատասխանատվությամբ: Մենք նաև գիտավերլուծական ուղեղային կենտրոն ենք, որը, հայաստանյան միջին վիճակագրական ընկալմամբ, պետք է տարեկան մի քանի հոդված ու գիրք հրապարակի, սեմինարներ կազմակերպի, այլ խոսքով՝ կատարի պատվիրատուի բոլոր ցանկությունները: Չե՛նք առաջնորդվել այս տրամաբանությամբ և, կարծում եմ, այստեղ է մեր հաջողության գաղտնիքներից մեկը, թեև խոստովանեմ՝ խորքային վերլուծությունների, հետազոտությունների, սեմինարների, հայտարարությունների, վերապատրաստման դասընթացների ու հրատարակությունների պակաս երբեք չենք ունեցել, դրանք տասնյակներով են:
Մեր՝ ազգային, հայաստանակենտրոն, արհեստավարժ, ազատ, շիտակ ու համարձակ գործունեության, դիպուկ և անվրեպ խոսքի, ազգային-պետական մտածողության գաղտնիքն ինքնիշխան որոշումներ ընդունելու, իրականացնելու և որևէ մեկից կամ ուժից կախում չունենալն է: Ջենեսիս Արմենիայի առաքելության իմաստավորումը հենց այստե՛ղ պետք է փնտրել և նմանատիպ կառույցներից տարբերվելու իր հանձնառության ու պատասխանատվության չափաբաժինը պետք է հասկանալ հենց ա՛յս համատեքստում:
Մեր աչքի առաջ կործանվեց մեծագույն արժեք, անունը՝ Արցախ, որը տարածքից, պատմաքաղաքական հիշողությունից ու մշակութային կոթողներից անդին՝ էություն է, եղել է և շարունակելու է մնալ ազգային ինքնության գլխավոր բաղադրատարրերից մեկը, համենայնդեպս՝ ի՛մ սերնդի համար: Պատերազմում պարտվելու պատճառները բոլորս գիտենք։ Գիտենք նաև աշխարհաքաղաքական կոնսենսուսը, որ Հայաստանն այս ռեգիոնում պիտի չունենա ռազմավարական հավակնություն, և այս համատեքստում տրամաբանական է գործող իշխանության երկարակեցության միջազգային լռությունը կամ համաձայնությունը՝ անկախ փաստից, որ վերջին 5 տարում Հայաստանը դարձել է կոռումպացված ու ավտորիտար երկիր՝ քաղաքագիտական բոլոր չափումներով: Այսուհանդերձ՝ մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ ոգու ամրությամբ, սթափ մտքով և անտրտունջ նվիրումով: Առաջիններից ենք, որ Արցախի հայաթափումից հետո սկսեցինք մշակել և դեռ շարունակում ենք կատարելագործել Արցախ հավաքական վերադարձի ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը՝ հիմնվելով միջազգային փորձի, անխոցելի գիտելիքի և ճկուն մտածողության վրա՝ ամենևին չհավակնելով ճշմարտության վերջին խոսքն ասողի տիտղոսին: Հակառակը, Հայաստանում և Սփյուռքում ազգային բոլոր առողջ ուժերի, ավանդական կուսակցությունների, Հայ դատի գրասենյակների, Արցախի կառավարության որոշմամբ ստեղծված համապատասխան փորձառու և պրոֆեսիոնալ հանձնախմբի հետ՝ շարունակում ենք մեր ինտենսիվ քննարկումներն ու հանդիպումները՝ անխոցելի դարձնելու ռազմավարական, ավելի շուտ՝ հայեցակարգային նշանակության այդ թղթապանակը, որն, անկասկած, աշխարհաքաղաքական հարմարավետ պայմաններում՝ պիտի դուրս բերվի գզրոցներից և կյանքի կոչվի:
Սակայն մինչև տարածաշրջանում քաշային բարձր կատեգորիայում հայտնվելու մասին կենացներ ասելը՝ անհրաժեշտ հրամայական է՝ հայկական մտքի, կամքի, ներուժի, կազմակերպչական ու ցանցային կարողականության նպատակային համախմբումը, հավաքական նպատակի արժեքային հենքերի ընդգծումը, պատասխանատվությունն ստանձնելու պատրաստակամությունը: Միայն այդպե՛ս հնարավոր կլինի ձերբազատվել ամոթի խարանից, միայն այդպես կկարողանանք ազատության մեջ տեսնել Երևանի և Բաքվի բանտերում ազատազրկված մեր հայրենակիցներին, որոնք թշնամական տանդեմի համակարգված աշխատանքով և միմյանց իշխանությունում պահելու անբարո մոլուցքով՝ փորձում են նվաստացնել հայկական ինքնության և շարունակականության համար իրենց կյանքը նվիրաբերած ռազմաքաղաքական ու ազգային-եկեղեցական մեր գործիչներին՝ Բագրատ սրբազանից մինչև Դավիթ Իշխանյան ու Ռուբեն Վարդանյան, Միքայել սրբազանից մինչև Լևոն Մնացականյան ու Արցախի նախկին նախագահներ:
Հայության քաղաքական հեռանկարում տեղ ու դեր ունենալու համար անհրաժեշտ է՝ մտքի ու հոգու մկանների պրկում, քարոզչական լուրջ աշխատանք, որում պիտի ներգրավվեն մեր հայրենակիցների լայն շերտեր: Այդ իսկ պատճառով՝ գիշեր ու զօր աշխատելով, աջակցեցինք մեր գաղափարական, քաղաքական ու քարոզչական նպատակները կիսող ընկերներին՝ ստեղծելու ABC MEDIA-ն, որն իր գործունեության 2.5 տարում հասցրեց տեղավորվել արժանապատիվ ու արհեստավարժ մեդիադաշտի՝ խիզախ, նկարագիր ու դիմագիծ ունեցող, ազգային ու համամարդկային արժեքներ կրողի ու տարածողի իր կայուն անկյունում, արտադրեց միտք, արտաբերեց քաղաքական՝ սուր, բայց փաստարկված ու պատասխանատու խոսք, որի նպատակը՝ հետպատերազմյան տրավմաները խելամիտ ու հաշվարկված հաղթահարելն է, կոտրված կռնակն ուղղելը և հզոր, անվտանգ ու զարգացած երկիր ունենալու տեսլականն իրականացնելը:
Հայաստանը պիտի ձերբազատվի կոլաբորացիոնիստական, կամ ապազգային, հակապետական դրածո իշխանությունից, և այդ գործընթացը պիտի ձևավորվի հավաքական առաջնորդության գաղափարով ու մեխանիզմներով: Հայաստանում չկա որևէ անձ կամ քաղաքական հոսանք, ուժ, կուսակցություն, որն ինքնուրույն կարողանա հաղթել չարի ու չարիքի իշխանական մեքենային: Իշխանությունը ոչ թե պիտի փոխվի, այլ Հայաստանի ներկան ու հեռանկարը հուղարկավորող՝ դժբախտ և դժգույն այս խմբակը պիտի ամբողջովին իշխանազրկվի, ընդ որում՝ ոչ միայն ընտրատեղամասերի լեգալ քվեով, այլև փողոցի ընդվզմամբ ու լեգիտիմ ճնշմամբ, հետագայում ենթարկվելով քաղաքական, բարոյական ու դատական արդար պատասխանատվության: Միայն այդպես է հնարավոր լինելու փակել պարտության ու ազգային ամոթի էջը և անցնել առաջ:
Այս և տասնյակ հիմնավորումներից ելնելով՝ անձամբ ընդունեցի չափազանց պատասխանատու, խոստովանեմ՝ հասունացած և տրամաբանական որոշում՝ գիտամտավոր, կազմակերպչական ու առաջնորդության ռեսուրսի ամբողջ ծավալով ու կարողականությամբ՝ ներգրավվել քաղաքական ու ընտրական սպասվող պրոցեսներում՝ քաջ գիտակցելով իրողությունը, որ գործող իշխանության հետ պատերազմի ու ընտրության գնալը նշանակում է կանխակալ պարտություն: Այսուհանդերձ՝ իրական ժողովրդավարական երկիր ունենալու տեսլականը ենթադրում է՝ ընտրությունների միջոցով ձևավորել հանրային վստահություն վայելող իշխանություն, որն իրավական և օրինական հանրային քվեով հնարավորություն կունենա արգելակել հայկական գոյութենական մայրամուտի ահագնացող մեքենան և նոր, արդիական մոտեցումներով՝ ձևավորել հայկական պետության անվտանգային, տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքակրթական հեռանկարը: Այդ նպատակին հասնելու համար պիտի կռիվ տանք ամեն ընտրողի համար, պիտի ընկնենք դռնեդուռ, բացատրենք, համոզենք մեր հայրենակիցներին, քաղաքացիներին, որ լավ գյուղ ունենալը բավարար չէ, հզոր համայնք ունենալու համար պիտի հզորացնես պետությու՛նդ, որ ասֆալտն ու փողոցի լուսավորությունը դեռ չեն երաշխավորում սահմանի անվտանգությունն ու բարեկեցիկ կյանքը, որ մենք մեկ ազգ ենք՝ անկախ մեր քաղաքական հայացքներից, որ մեր փրկությունը մե՛ր ձեռքում է, որ հաջողության են հասնում այն ազգերը, որոնք կարողանում են խելացի լուծումներով դառնալ ինքնաբավ, ոչ թե մուրացկան՝ կախված այս կամ այն տերության քմահաճ որոշումից:
Այսուհանդերձ՝ անցած սեպտեմբերից մեկնարկեցինք ինտենսիվ խորհրդակցություններ ու բանակցություններ՝ զտելով և խմբավորելով մեր գաղափարակիցներին, հանուն հայի ու Հայաստանի աշխատող գործընկերներին: Ձևակերպումների և տակտիկական հարցերում կարող ենք տարբե՛ր լինել, մեկս կարող է համարել, որ ընդդիմադիր պալիտրայի կամ ներկատախտակի այս գույնի հետ ճանապարհ չպետք է անցնել, մյուսը համարի, որ եթե բոլորս համաձայն ենք հեռացնել չարիքի իշխանությունը, ուրեմն պետք է աշխատենք միմյանց չխանգարելով: Սա մարտավարություն է, որը քաղաքական պրոցեսների ընթացքում կարող է տրանսֆորմացվել, և հորդորում եմ մեր հայրենակիցներին կանխակալ վերաբերմունք չցուցաբերել և միմյանց ոչնչացնելու արատավոր այս գործելաոճը չորդեգրել, որովհետև դրանից օգտվում է բացառապես Հայաստանի ապազգային իշխանությունը՝ իր քարոզչական մեքենայով ու քաղաքական արբանյակներով:
Առաջիկա ընտրությունը քաղաքական ընթացիկ, հերթական, հերթապահ, սովորական ընտրություն չէ՛, այլ հայկական պետության ու երկարաժամկետ կտրվածքով՝ հայկական էթնիկ տարրի շարունակականության կամ լինելիությա՛ն հարց է: Մենք այս պրոցեսին մասնակցում ենք՝ պատրաստվածության բարձրագույն մակարդակի բերելով մեր ներուժը՝ քաջ գիտակցելով, որ հայկական ազգային-պետականամետ բոլոր ուժերը պարտավոր են տապալել Հայաստանի նեոգաղութացումը լեգիտիմացնող փաշինյանական իշխանությունն ամբողջությամբ: Դա պիտի անենք՝ միմյանց չխանգարելով, իրար չոչնչացնելով, միմյանց հանդուրժելով, նախկին-ներկա անպտուղ զրույցների ծուղակը շրջանցելով, մեր հավաքական ջանքը մեկտեղելով և խելացի մարտավարական քայլերով:
Ո՞վ է նպաստելու գործող իշխանության «վերարտադրությանը». նա, ով խափանում է գործակցությունն ու ջլատում կոշտ կորիզ ունեցող ընտրազանգվածը: Նիկոլ Փաշինյանի բռնապետությունը վերարտադրվելու է, եթե իր առջև դուրս չգան քաղաքական ատամները հաշվող ուժ կամ ուժեր: Վերջիններս ընտրողին պիտի առաջարկեն այլընտրա՛նք, ո՛չ թե տպավորություն։
Մեզ, մեր անցած ճանապարհը, ոչ մեկի գրպանը չմտնելու մեր կենսագրությանը ծանոթները լա՛վ գիտեն՝ քաղաքական ու գաղափարական պայքարի բոլոր հանգրվաններում չտրվեցինք և ոչ մի գայթակղության, վստահ և համեստորեն շարունակեցինք մեր գործը՝ աչքի լույսի պես պահելով մեր սկզբունքները, ազգային ու պետականակերտ արժեքներից դույզն իսկ չշեղվելու մեր հանձնառությունը: Կիսեցինք մեր փորձը, գիտելիքներն ու հմտությունները, իշխանազրկման գաղափարը չդարձրինք նպատակ, մնացինք փողոցում, ենթարկվեցինք ավտորիտար այս համակարգի բռնություններին, չբղավեցինք՝ շատ լավ հասկանալով, որ ազգակործան մեքենայի դեմ պայքարը պահանջում է ամուր նյարդեր, միտք, սիրտ, հոգի ու հետևողականություն…աշխատեցինք մեր հայրենակիցների հետ, փորձեցինք գաղափարական դարձի բերել՝ մտածել ու գործել հանուն հայի ու Հայաստանի….նաև կառուցողական քննադատություն հնչեցրինք, բայց այնքան նրբանկատ ու զգուշավոր, որ ընդդիմության ներսում չդառնանք ընդդիմություն և հարվածի տակ չդնենք մեր ընկերների ու գործընկերների սկսած գործը:
Մենք ունե՛նք մեր գալիք ծրագրերը: Ի դեպ, «Գալիք» բառը փոխառել եմ՝ խղճի ու մտքի բանտարկյալ, գերաշնորհ Բագրատ արք. Գալստանյանից, որի ազգային և էութենական ներկայությունը մենք պատվով զգում ու տանում ենք մեր բոլոր գործողություններում, մտքում ու հոգում. Հենց սրբազան հա՛յրն է «գալիք» բառը փոխարինել սրբապղծված «ապագա» բառով: Մեր գալիք ծրագրերը բխում են մեր ազգային նպատակներից:
Հայաստանը գտնվում է ոչ թե պարզապես քաղաքական, այլ քաղաքակրթական և պետականության ճգնաժամում: Գործող քաղաքական համակարգը չի կարող ապահովել պետության վերարտադրություն: Անհրաժեշտ է քաղաքական արդիականացված սկիզբ՝ նոր մտածողությամբ, թարմ քաղաքական էլիտայով, նոր ինստիտուցիոնալ տրամաբանությամբ: Ջենեսիս Արմենիան չի դիրքավորում որպես դիսֆունկցիոնալ քաղաքական համակարգի համար արջի ծառայություն մատուցող կառույց, այլ քաղաքական վերաստեղծման նախագծի ջատագով։ Մենք չենք ընկնում իշխանության լարած թակարդը, չենք լողում՝ նախկին-ներկա տխեղծ և շահադիտական դիսկուրսի մեջ, փոխարենն առաջարկում ենք՝ տեխնոկրատական, ռացիոնալ մտածողություն, ազգային-պետական շահերի գերակայություն, դիվանագիտական ճկունություն, բայցև՝ արժեքային հենք: Սա ոչ այնքան դասական «աջ-ձախ» բաժանում է, որքան՝ պետություն կառուցողներ vs համակարգ քայքայողներ մոդելի կիրառում։ Ուստիև՝ առաջիկա ընտրությունների համատեքստում մեր հանրությանը պարտավոր ենք ներկայացնել՝ գալիք Հայաստանի վերաբերյալ մեր համակարգված մոտեցումները՝ անվտանգության համակարգի ամբողջական վերանայում, կամ՝ համապարփակ անվտանգության ռազմավարական վերանայում, ոչ միայն ԶՈՒ, այլև՝ դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և ինստիտուցիոնալ անվտանգության վերականգնում, արտաքին հարաբերություններում՝ ոչ ուղղահայաց ենթակայություն, ոչ արկածախնդրություն, այլ՝ պրագմատիկ բազմավեկտորություն, պետական ինստիտուտների արդյունավետ կառավարում, պրոֆեսիոնալ պետական ապարատի ձևավորում, քաղաքական պատասխանատվության մեխանիզմների ամրապնդում, տնտեսական զարգացում՝ արտադրողականության, ոչ թե բաժանարար խոստումների հիմքով, մարդկային կապիտալ՝ կրթություն, գիտություն, տեխնոլոգիա, սոցիալական պետություն՝ ոչ ողորմության, այլ արժանապատիվ աշխատանքի միջոցով: Այս խոսույթն ավելի շատ սոցիալ-դեմոկրատական է, քան կործանարար նեոլիբերալ և պոպուլիստական մոտեցում։ Իսկ ի՞նչ է առաջարկում գործող համակարգը՝ այսպես կոչված «խաղաղության դարաշրջան», որտեղ Հայաստանը հարմարվում է՝ միջազգային խաբուսիկ և խարխուլ լեգիտիմության և գործընթացների հոսքին, Հայաստան, որի անվտանգությունը պայմանավորված է արտաքին գերագնահատված պայմանավորվածություններով և ներքին թույլ ինստիտուտներով: Մենք ասում ենք՝ խաղաղությունն այլընտրանք չունի, եթե այն համապարփակ է, արդար, երկարատև, մենք ասում ենք՝ խաղաղությունը չի՛ կարող փոխարինել պետական սուբյեկտայնությանը, Հայաստանը ոչ թե հարմարվող միավոր է, ռեակտիվ պետություն, այլ՝ նախաձեռնող և վերակազմավորվող պետություն, որը հրաժարվում է ոչ թե ազգային ինքնությունից, այլ անցյալի արատավոր երևույթներից»:
ABC MEDIA
