Ի՞նչ հիվանդություններով այլևս չեն ազատվի ծառայությունից․ կառավարությունը վերանայել է ցանկը

ՀՀ կառավարությունը վերանայել է զինվորական պիտանիության ցուցակը։ Փոփոխություններ կատարվեց 2018 թվականին ընդունված այն որոշման մեջ, որով սահմանվում է՝ ինչ հիվանդությունների դեպքում է քաղաքացին կամ զինծառայողը համարվում պիտանի, ժամանակավորապես ոչ պիտանի կամ ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

Փոփոխությունների նպատակը, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, մեկն է` բացառել այն դեպքերը, երբ բուժում չպահանջող կամ առողջությանը լուրջ վտանգ չներկայացնող խնդիրների պատճառով քաղաքացիները ազատվում են ծառայությունից կամ ստանում են տարկետում։

Կառավարության որոշմամբ` այսուհետ առանց ախտանիշների և բուժում չպահանջող առողջական խնդիրները հիմք չեն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Փոփոխություններով նախատեսվում է ցանկում ներառել որոշ հիվանդություններ, որոնք մինչ այժմ հստակ կարգավորված չէին։ Օրինակ՝ գլխուղեղի կամ ողնուղեղի վենոզ անգիոմաները փաստացի համարվում էին բարձր ռիսկային, և մարդիկ ճանաչվում էին ոչ պիտանի, սակայն դրանք հստակ նշված չէին ցանկում։ Այժմ առաջարկվում է դրանք ներառել առանձին հոդվածով՝ սահմանելով փորձաքննության հստակ կարգ։

Միևնույն ժամանակ վերանայվում է մոտեցումը գլխուղեղի որոշ մեծ չափերի կիստաների նկատմամբ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նման կիստաները չեն առաջացնում ակնհայտ ախտանշաններ, դրանք կարող են սեղմել ուղեղային հյուսվածքները և ունենալ բարձր ռիսկայնություն։ Այդ պատճառով առաջարկվում է նման դեպքերում քաղաքացիներին չճանաչել լիովին պիտանի։

Փոփոխությունները վերաբերում են նաև վահանաձև գեղձի թերֆունկցիայի այն դեպքերին, որոնք բարենպաստ են, բուժում չեն պահանջում և ունեն միայն լաբորատոր շեղումներ։ Նման քաղաքացիները կկարողանան ծառայել սահմանափակ ռեժիմով, փոխարենը՝ չստանալ տարկետում կամ ազատում. սա կվերացնի տարիներով գոյություն ունեցող փորձաքննական հակասությունները։

Նույն տրամաբանությամբ է վերանայվում արյան համակարգի որոշ ժառանգական հիվանդությունների, մասնավորապես ալֆա և բետա թալասեմիայի հետերոզիգոտ ձևերի մոտեցումը։ Եթե այդ հիվանդությունները չունեն կլինիկական դրսևորումներ և չեն խանգարում օրգանիզմի աշխատանքին, ապա քաղաքացիները կճանաչվեն պիտանի ծառայության համար՝ որոշ սահմանափակումներով։

Փոփոխությունների փաթեթում տեղ են գտել նաև սրտի զարգացման փոքր անոմալիաները, որոնք հաճախ հայտնաբերվում են պատահաբար՝ բժշկական զննման ընթացքում և չեն պահանջում բուժում։ Այդպիսի դեպքերում նույնպես առաջարկվում է թույլ տալ ծառայությունը՝ առանց զինծառայողին ազատելու։

Վերանայվում է նաև ստոծանու ճողվածքների հարցը։ Եթե քաղաքացին հրաժարվում է վիրահատությունից, բայց չունի բարդություններ կամ ռեֆլյուքսային խնդիրներ, ապա առաջարկվում է նրան ճանաչել պիտանի ծառայության համար՝ համապատասխան հոդվածի շրջանակում։

Փոփոխություններ են նախատեսվում նաև ողնաշարի հեմանգիոմաների և այլ բարորակ գոյացությունների դեպքում։ Եթե դրանք չեն առաջացնում գործառութային խանգարումներ, ագրեսիվ չեն և չեն զբաղեցնում ողի մեծ մասը, ապա չեն կարող ծառայությունից ազատման հիմք հանդիսանալ։

Ըստ կառավարության՝ այս փոփոխությունները հիմնված են միջազգային բժշկական ուղեցույցների, մասնագիտական հրապարակումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և պարտադիր ծառայություն ունեցող երկրների փորձի վրա։ Նման մոտեցումներ կիրառվում են, օրինակ, Իսրայելում և Ավստրիայում։

Ակնկալվում է, որ նոր կարգավորումների արդյունքում կնվազեն բուժման նպատակով տրվող տարկետումները, կաճի զորակոչիկների թիվը և միաժամանակ կկանխվի պետական միջոցների անհարկի վատնումը։

Տեսանյութեր

Լրահոս