ԱՄՆ Կոնգրեսը կաջակցի Սիրիայում պարեկախմբի վրա հարձակումից հետո Թրամփի կողմից իրականացվող գործողություններին
ԱՄՆ Կոնգրեսը պատրաստ է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններին՝ ի պատասխան Սիրիայում ամերիկացիների վրա հարձակումներին։ Այս մասին Fox News-ին հայտարարել է Ինդիանայից հանրապետական սենատոր և Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամ Ջիմ Բենքսը։
«Մենք կգտնենք [պարեկային խմբի վրա հարձակման] մեղավորներին, նրանց պատասխանատվության կենթարկենք և ԱՄՆ Կոնգրեսը կսատարի նախագահին այդ հարցում»,- հայտարարել է Բենքսը։ Նա հավելել է, որ ամերիկացի սենատորները մտադիր են աջակցել Թրամփին «Իսլամական պետությունն» արմատախիլ անելու նրա ձգտման մեջ։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը վրեժ կլուծի Սիրիայում սիրիա-ամերիկյան պարեկախմբի վրա հարձակման կազմակերպիչներից։
Դեկտեմբերի 13-ին զինված տղամարդը Պալմիրայում կրակ է բացել սիրիա-ամերիկյան համատեղ պարեկային խմբի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել են ԱՄՆ երկու զինծառայող և մեկ ամերիկացի թարգմանիչ, որոնք նույնպես եղել են քաղաքացիական անձանց թվում։ Նրանց մարմինները ամերիկյան ուղղաթիռներով տեղափոխվել են արևմտյան կոալիցիայի ռազմաբազա, որը գտնվում է Էթ-Տանֆ սահմանամերձ շրջանում (Դամասկոսից 250 կմ հեռավորության վրա)։ Ինչպես հայտնել է Սիրիայի ՆԳՆ ներկայացուցիչը, հարձակվողը եղել է անվտանգության ուժերի աշխատակից, սակայն հրամանատարական պաշտոն չի զբաղեցրել։ Նրան վնասազերծել են փոխհրաձգության ընթացքում։ Իրավասու մարմինները պարզում են՝ արդյո՞ք այդ անձը կապված է եղել «Իսլամական պետության» հետ, թե՞ պարզապես հարել է ահաբեկիչների գաղափարախոսությանը։
