ՄԱՐԶԱՅԻՆ ԲՈՒԺԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ․ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՉ ԲԺՇԿԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՄԲ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ՝ ԿՐՃԱՏՄԱՆ ՏԱԿ

ՀՀ Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ մարզային բժշկական կենտրոնների օպտիմալացումը կիրականացվի միաձուլման եղանակով։ Ըստ այդ որոշման՝ Առողջապահության նախարարության հարմարավետ կառավարման նպատակով առաջացել է անհրաժեշտություն՝ յուրաքանչյուր մարզում գործող առողջապահական ընկերությունները, բացառությամբ հոգեկան առողջության պահպանման կազմակերպությունների, վերակազմակերպելու միաձուլման միջոցով՝ արդյունքում ստեղծելով մեկ ամբողջական մարզային առողջապահական կազմակերպություն։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա խոսել է Հայաստանում մարզային առողջապահական համակարգի կազմակերպական նոր ձևի մասին:

Կարդացեք նաև

«Նախատեսվում է միաձուլումներն իրականացնել փուլային եղանակով․ առաջին տարում գործընթացը կիրականացվի 3 մարզերում (մարզերը կընտրի նախարարը.- Ա.Պ.), իսկ տվյալ փուլի ավարտից հետո, արդյունքների վերլուծության հիման վրա, կիրականացվի մնացած մարզերի միաձուլումը։ Չնայած գործընթացի փուլայնությանը, բոլոր մարզերի առողջապահական կազմակերպությունների միաձուլման վերաբերյալ ընդհանուր որոշումն արդեն ընդունվել է»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ միաձուլման արդյունքում ձևավորվող նոր կազմակերպությունում նախատեսվում է ունենալ գործադիր տնօրեն, որը կարող է նաև չունենալ բժշկական բարձրագույն կրթություն։

«Գործադիր տնօրենը ղեկավարելու է կառավարման, կազմակերպական և վարչատնտեսական ամբողջ գործառույթը։ Մարզի բնակավայրերում գործող ներկայիս բժշկական կենտրոններում կաշխատեն գլխավոր բժիշկներ։ Նրանց աշխատանքը կկազմակերպեն ու կվերահսկեն ոչ թե գործադիր տնօրենը, այլ գործադիր տնօրենի՝ բժշկական գծով տեղակալները։

Այսինքն՝ գործող գլխավոր բժիշկների կարգավիճակն իր էությամբ հավասարեցվում է «մասնաճյուղի վարիչի» կարգավիճակին։ Միաժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ առողջապահական կազմակերպությունների վարչական անձնակազմի, օրինակ՝ հաշվապահների, փոխտնօրենների և այլ աշխատակիցների մեծ մասը կորցնելու են իրենց աշխատանքը, քանի որ նոր միավորված կառույցում այդ հաստիքները կամ կրճատվելու են, կամ համատեղվելու»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս