102, 911 և 101 համարները փուլային կարգով կփոխարինվեն 112 միասնական արտակարգ համարով

Կառավարության նիստում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու և հարակից օրենքների փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների միասնական արձագանքման համակարգ՝ 112 հեռախոսահամարով։

Արմեն Մկրտչյանը նշեց, որ ներկայումս գործող 102, 911 և 101 համարները կշարունակեն աշխատել որոշ ժամանակ, սակայն դրանցով ստացված բոլոր զանգերը ավտոմատ կերպով կվերահասցեագրվեն 112-ին։

Հետագայում, իրազեկման արշավներից հետո, այդ համարները փուլային կերպով կհանվեն շրջանառությունից։Նախարարի տեղակալը նշեց, որ տարբեր արտակարգ իրավիճակների համար առանձին հեռախոսահամարների առկայությունը բարդացնում է քաղաքացիների կողմնորոշումը՝ հատկապես սթրեսային իրավիճակներում։

«Քաղաքացին հաճախ չի հասկանում՝ կոնկրետ որ դեպքում զանգահարել 102, 911 կամ 101։ Պետության պարտականությունն է ապահովել ահազանգի արդյունավետ սպասարկումը, իսկ հնարավոր շփոթը կարող է դանդաղեցնել արձագանքը»,-ասաց նա։

Ըստ նախարարի տեղակալի՝ պարբերաբար արձանագրվել են նաև կառավարման և կոորդինացման խնդիրներ՝ ծառայությունների դերերի չհամաձայնեցում, տեղեկատվության ցրվածություն, օպերատիվ հաղորդակցության անբավարարություն, որոնք հանգեցրել են որոշ դեպքերում արձագանքի ուշացման, որոշումների դանդաղեցման և իրավիճակների կառավարելիության թուլացման։

«Նախագծով նախատեսվում է ստեղծել ՆԳՆ օպերատիվ կառավարման գրասենյակ, դադարեցնել Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեությունը՝ փոխանցելով բոլոր տեխնիկական ռեսուրսները նոր գրասենյակին, ապահովել արտակարգ և ճգնաժամային իրավիճակների միասնական ընդունում, մշտադիտարկում և արձագանք, կենտրոնացնել որոշումների կայացումը մեկ կառավարման մարմնում»,-ասաց նա։

Մկրտչյանը նշեց, որ նոր համակարգը կապահովի զանգի պատասխանի միջին ժամանակի կրճատում մինչև 10 վայրկյան, արձագանքի միջին տևողության նվազում՝ մինչև 10 րոպե, ահազանգերի ավելի ճշգրիտ տեղորոշում, ավտոմատ ազդարարման ժամանակակից մեխանիզմների ներդրում։

«911, 102, 101 հեռախոսահամարները կշարունակեն գործել։ Դրանցով ստացված զանգերը ավտոմատ կտեղափոխվեն 112։ Սահուն անցման համար կիրականացվեն համապատասխան իրազեկման արշավներ»,-ասաց Մկրտչյանը։

Նա հավելեց, որ հետագայում 112-ը կմիավորի նաև շտապ բժշկական օգնության կանչերը, սակայն դրա համար պահանջվում են երկրորդ փուլում իրականացվելիք տեխնիկական և ինստիտուցիոնալ բարելավումներ։

Տեսանյութեր

Լրահոս