
«Սա արհավիրք է. որ ուզեն՝ կբռնեն դիմակավորված անձին». Վալոդյա Գրիգորյանի ուսուցչուհի
Սեպտեմբերի 23-ին սպանված Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստին այսօր մասնակցում էր նաև նրա ուսուցչուհին՝ Շողիկ Գևորգյանը։
Արցունքն աչքերին՝ ուսուցչուհին լրագրողներին պատմեց, որ Վալոդյա Գրիգորյանին մաթեմատիկա է դասավանդել՝ 4-րդ դասարանից մինչև 10-րդ դասարան։
«Սա արհավիրք է, Վալոդյան ընտիր մարդ տեսակ էր, ոչ մի թերություն չուներ. խելոք, խելացի, բանիմաց, կիրթ, իրա պահելու ձևը… Եթե մի բան էլ թերանում էր, կատակի էինք տալիս, անցնում էր, այնքան լավ մարդ էր։
Մի անգամ գյուղապետարան էի եկել, նստած սպասում էի՝ ինձ ընդուներ, դուռը բացեց ու ասաց. «Ընկեր Գևորգյան, ներս եկեք», ասացի՝ ինձանից առաջ մարդիկ կան, պատասխանեց, թե՝ ոչինչ, եկեք։ Հարգանքն այնքան մեծ էր…»,- նշեց ուսուցչուհին։
Նա նաև ասաց, որ այս մի քանի ամիսների ընթացքում Վալոդյա Գրիգորյանը մեծ աշխատանք է արել համայնքի համար։
«Ձեզ ի՞նչ է թվում, եթե ուզեն այդ դիմակավորված անձին բռնեն, որքա՞ն ժամանակ է տևելու, եթե ուզեն՝ կբռնեն։ Վալոդյան որևէ մեկին վատություն չի արել, թշնամիներ չուներ»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կեսգիշերին մոտ իր տան բակում սպանվել է խոշորացված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Ըստ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության, կրակոցները հնչել են՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում։ Կրակոցների հետևանքով գրանցվել է 2 զոհ, 1 վիրավոր։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում