
Թուրքիայում ապօրինաբար օտգագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող կադաստրի վարչության աշխատակից Սելջան Յալվան մեղադրվում է հայազգի քաղաքացիների և այլ անձանց ժառանգական տվյալները ապօրինի կերպով Ադնան Օքթար ահաբեկչական կազմակերպությանը փոխանցելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ թուրքական աղբյուրների՝ կազմակերպությունը հիմնադրվել է Հարուն Յահյա կեղծանունով հայտնի, կեղծ գիտական ուղղության թուրք գրող, իսլամական կրեացիոնիստ Ադնան Օքթարի կողմից: Վերջինս քաղաքական, կրոնական եւ գիտահանրամատչելի խնդիրների վերաբերյալ ավելի քան 300 գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են 76 լեզուներով: Վերջինս 2021-ին դատապարտվել է 1075 տարվա ազատազրկման:
Ստամբուլի գլխավոր դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է 14 կասկածյալի և 26 տուժածի մասին։ Ըստ քննության, Յալվան ժառանգական իրավունքներից անտեղյակ քաղաքացիներին ասել է, թե իրենց ժառանգություն է մնացել, ապա ստանալով անհրաժեշտ տվյալներ, դրանք փոխանցել կազմակերպությանը։
Վերջինս մեղադրվում է անձնական տվյալներն անօրինական կերպով ձեռք բերելու կամ հրապարակելու, ինչպես նաև հանցավոր նպատակներով կազմակերպություն ստեղծելու մեջ: