
Դատավորն այնպիսի պատիժ է սահմանելու, որ սրբազանին մինչև ընտրություն պահեն փակի տակ. Արա Զոհրաբյան
Պաշտպանության կողմը բոլոր հնարավոր քայլերը կատարեց, բոլոր ջանքերը գործադրեց, նույնիսկ այս միակողմանի դարպասի պայմանում, որ ցույց տա Միքայել Սրբազանի անմեղությունը: Այս մասին Միքայել Սրբազանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանի փաստաբաններից Արա Զոհրաբյանը:
«Բայց ինչպես արդեն լսեցիք մեր վատատես փաստարկները, մենք չենք կարծում, որ սա իրական արդարադատության հարթակ է, որովհետև հակառակ դեպքում մենք կունենայինք նշաններ, որ դատավորը կարող էր ցույց տալ:
Ամենառաջին իսկ քայլով ընդատության կուղարկեր: Եթե դատավորը խնդիր չունենար, նա գործը կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Այդ քայլը չանելով՝ արդեն պարզ է, որ այս գործը ինքը պետք է քննի, ինքը պետք է դատական ակտը կայացնի»,- ասաց փաստաբանը:
Զոհրաբյանը նշեց, որ դատարաններում կան դատավորներ, որոնք փաստաբանների շրջանում ունեն մեղադրական հակում ունեցող համբավ, և, ըստ նրա, Արմինե Մելիքսեթյանն այդ շարքում է գտնվում:
«Ամենակարևորը ոչ թե պետք է գար Երևանի դատարան, այլ գնար Շիրակի մարզի դատարան, մյուս կարևոր բանը, որ նույնպես խոսում է այն մասին, որ մեղադրական վերդիկտի նախանշաններ կան, դա այն է, որ Արմինե Մելքսիեթյանը, դատելով նրա կենսագրությունից և քննած գործերի վիճակագրությունից, ժամանակագրությունից, արագ գործեր քննող չէ:
Նա նիստերը նշանակում էր բավականին ուշ, բայց այս դեպքում տեսնում ենք մեկ շաբաթում 2-3 նիստ էր նշանակում, փորձում էր արագ ավարտել: Սա էլ է խոսում այն մասին, որ ուզում է հապշտապ որոշում կայացնել»,- ասաց նա: