Բաժիններ՝

Ես առանձնահատուկ կապ ունեմ Նորին Սրբության հետ․ 9,5 տարի ծառայել եմ Հայաստանում և Հարավային Կովկասում որպես Պապական նվիրակ․ Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտի

Վատիկանի Արևելյան Եկեղեցիների բաժնի նախագահ Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի Բարեգալուստի խոսքը Վեհափառ Հայրապետի՝ այդ հիմնարկությունը այցելության առիթով։

«Իմ համար մեծ պատիվ և ուրախություն է ներկայացնել մեր հիմնարկությունը այցելող պատվավոր հյուրին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ակնհայտ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի ներկայությունը հայ ժողովրդի համար նշանակում է իր իսկ գոյության իմաստի ներկայություն։ Քանի որ հաճախ հայ ժողովուրդը զրկված է եղել քաղաքական ազատությունից։ Այդ դժվարին ժամանակներում հայ ժողովրդի կրթությունը, դաստիարակությունը, քաղաքացիական արժեքները և անգամ նյութական աջակցությունը վստահված են եղել Եկեղեցուն։

Մենք խոսում ենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգի մասին՝ դեռևս Կոստանդինոս կայսեր հրովարտակից առաջ։ Խոսքը մի ժողովրդի մասին է, որի մշակութային հարստությունն ու սրբավայրերը եզակի են աշխարհում։ Թեպետ հայ ժողովուրդը երբեք մեծաքանակ չի եղել, սակայն եղել է չափազանց աշխատասեր և խորաթափանց։ Հենց այդ հատկանիշների շնորհիվ հայերը կարողացել են բարգավաճել անգամ հսկայական Սփյուռքի պայմաններում՝ մինչև մեր օրերը։

Կաթոլիկ Եկեղեցու հետ երկխոսությունը հիանալի է։ Մեր հարաբերությունները, թերևս, ամենաջերմն ու ամուրն են․ անհամաձայնության պատճառներ չկան։ Եվ ինչպես վկայում է Նորին Սրբության ներկայությունը, մեզ միավորում է բարեկամությունը։ Վեհափառը այստեղ է՝ ողջունելու նոր Պապին, քանի որ չի կարողացել ներկա գտնվել նրա գահակալության օրը։ Սա ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների ջերմության և հարուստ բովանդակության մասին։

May be an image of 8 people and text

Անձամբ ես առանձնահատուկ կապ ունեմ Նորին Սրբության հետ․ ինը տարի և կես ծառայել եմ Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում որպես Պապական նվիրակ։ Տիրոջ շնորհով հնարավորություն եմ ունեցել ուսումնասիրելու Հայ Եկեղեցու մշակույթն ու աստվածաբանությունը։ Այդ պատճառով էլ մեր կապը սերտ է։ Ավելին՝ ես արժանացել եմ Նորին Սրբության ձեռքից բարձր պարգևի, որը կրում է ոչ միայն հայ, այլև համաշխարհային քրիստոնեական ավանդության ամենամեծ սրբերից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալիի անունը։

Տարիների այս հարաբերությունները պտղաբեր են եղել և հանգեցրել են բազմաթիվ նախաձեռնությունների՝ ի բարօրություն հայ ժողովրդի և Եկեղեցու։ Դեռ Վազգեն Կաթողիկոսի օրոք Հայ Առաքելական Եկեղեցին դարձավ միակ ուղղափառ եկեղեցին, որը հրավիրեց հայ կաթոլիկ հոգևորականի Հայաստան՝ ծառայելու հայ կաթոլիկներին, ովքեր տասնամյակներ շարունակ զրկված էին դրանից։ Եվ այդ ամենը եղավ առանց հակասության, եղբայրական համաձայնությամբ։

Սա հնարավոր դարձավ նաև Վազգեն Կաթողիկոսի և առաջին հայ կաթոլիկ եպիսկոպոս Ներսես Ներսեսյանի ջերմ ու խորին բարեկամության շնորհիվ։ Վազգեն Կաթողիկոսը ժամանակին Ռումինիայի հայերի հոգևոր առաջնորդն էր, իսկ Ներսես Ներսեսյանը՝ ռումինահայ քահանայի որդի։ Նրանց հարաբերությունները մնացին անփոփոխ ջերմ, անգամ կոմունիստական ծանր տարիներին։

Հիմա, կարելի է նույնիսկ ամբողջ գիրք գրել այս կապերի մասին, բայց չեմ կարծում, որ ճիշտ է երկար ժամանակ խլել մեր հարգարժան հյուրից։ Ուստի, բոլորիս անունից ցանկանում եմ ասել․

«Բարով եք եկել։ Սա Ձեր տունն է։ Ուստի՝ բարի գալուստ տուն, հատկապես Հայաստանի համար այս դժվարին պահին»։

Ցանկանում եմ վստահեցնել Նորին Սրբությանը մեր աղոթքների, մեր մտերմության և մեր մշտական սիրո մասին։ Թող այս ժողովուրդը, որ այնքան շատ է տառապել՝ հիշենք ցեղասպանությունը, վերջապես կարողանա խաղաղ շնչել այս աշխարհում, որը, ցավոք, բոլորիս համար գնալով ավելի է դժվարանում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս