
Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել և չունի։ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, բազմաթիվ այլ կառույցների և երբեք Թուրքիան մեր անդամակցությանը չի խոչընդոտել այս պահանջներով․ Թուրքիայի կողմից նման պահանջներ չեն եղել։
Ճիշտ հասկացեք՝ այն, ինչ արվում է մեր կառավարության կողմից, որևէ կապ չունի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի չեղած տարածքային պահանջների հետ։ Այս ամենը պարզապես մեր պետության ինքնության խմբագրման գործընթացի մի մասն է։
Եթե մենք ընտրություններով չհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ապա հաջորդ որոշմամբ Արարատ լեռան պատկերը կհեռացվի նաև զինանշանից»։
Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերի 1–ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։
Այս նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության` սեպտեմբերի 11–ի նիստի ժամանակ։ Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում, որը կառավարության քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Համապատասխան փոփոխությունները ՀՀ կառավարությունը կատարեց 2011 թ. մայիսի 12–ի իր որոշման մեջ։
Իբրև հիմնավորում` ԱԱԾ–ն նշել է, որ վերոնշյալ որոշման մեջ կան մի շարք ներքին հակասություններ, խմբագրական թերություններ, որոնք պետք է վերացնել և, ըստ այդմ, ՀՀ պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում տեխնիկական բնույթի փոփոխություններ պետք է կատարել։
«Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը։ Բացի այդ, առաջարկվում է փոփոխել ամսաթիվ–կնիքների չափերը՝ անձնագրի համապատասխան էջերն առավել օպտիմալ օգտագործելու նպատակով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Միաժամանակ, այս նախագծին կից ԱԱԾ–ն ներկայացրել էր նոր կնիքիների նմուշները, որտեղ ակնհայտ երևում էր, որ միակ փոփոխությունը Արարատ լեռան պատկերի բացակայությունն է։