
Կրակոցներ Էջմիածնի գազալցակայանի մոտ. հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակված պարկուճներ, արնանման հետքեր

Սեպտեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում ձախակողմյան հատվածում՝ գազալցակայանի մոտ, կրակոցներ են հնչել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետք Արթուր Բդոյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակած 2 պարկուճ և արնանման հետքեր։
Ըստ օպերատիվ տեղեկությունների կա վիրավոր և այս պահին պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են՝ արդյոք վիրավորը հիվանդանոց դիմել է, թե տնային պայմաններում է բուժում ստանում։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակողների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու, վիրավորի ինքնությունը ճշտելու և նրան նույնպես հայտնաբերելու ուղղությամբ։