Նեպալը չեղարկել է սոցցանցերի արգելքը ցույցերի ժամանակ 19 մարդու զոհվելուց հետո
Նեպալը չեղարկել է սոցիալական ցանցերի արգելքը, որը ցույցերի և իրավապահների հետ բախումների առիթ էր դարձել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, 100-ից ավելին՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կառավարությունն արգելել էր սոցիալական մեդիայի 26 հարթակների աշխատանքը, այդ թվում՝ Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի, You Tube-ի։ Հազարավոր մարդիկ Կատմանդուում ցույցի էին դուրս եկել՝ գրոհելով խորհրդարանի շենքը։ Իրավապահները կիրառել էին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, ցուցարարների վրա էին արձակել ռետինե փամփուշտներ։
Նախարարներից մեկը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը տեղի ունեցած արտակարգ նիստի ընթացքում կառավարությունը որոշել է չեղարկել արգելքը։
Նեպալի կառավարությունն անցյալ շաբաթ իշխանություններին հրահանգել էր արգելափակել սոցիալական մեդիայի 26 հարթակների աշխատանքը, քանի որ նրանք չէին գրանցվել Նեպալի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Կառավարությունը հայտարարել էր, որ դա անհրաժեշտ է՝ վերահսկելու կեղծ լուրերը, ատելության խոսքը և առցանց խարդախությունները։



