Թաիլանդի նախկին վարչապետը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման
Թաիլանդի դատարանը նախկին վարչապետ Թաքսին Չինավատրային դատապարտել է մեկ տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ սա հերթական հարվածն է այդ ազդեցիկ քաղաքական ընտանիքին։
Թաքսին Չինավատրան մի քանի տարի արտասահմանում ապրելուց հետո 2023 թվականին վերադարձել էր հայրենիք, որտեղ դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։ Սակայն այդ ժամկետը կրճատվել էր մինչև մեկ տարի։ Նախկին վարչապետն ընդամենը մեկ օր է անցկացրել բանտում, քանի որ անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց՝ սրտի խնդիրներից դժգոհելու պատճառով, իսկ վեց ամիս անց ներում էր ստացել և վերադարձել տուն։
Սեպտեմբերի 9-ին Գերագույն դատարանը վճռել է, որ նրա հոսպիտալացումը եղել է անօրինական, և որ 76-ամյա քաղաքական գործիչը պետք է ազատազրկվի։
Թաքսինը և Չինավատրա ընտանիքը Թաիլանդի քաղաքականության մեջ գերիշխող դեր են ունեցել այն ժամանակից ի վեր, երբ նա 2001 թվականին ընտրվել է վարչապետ։ Նրա դուստր Փեթոնգթան Չինավատրան նույնպես զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը 2024 թվականից, սակայն 2025 թ. օգոստոսի 29-ին նրան հեռացրել են պաշտոնից Կամբոջայի նախկին վարչապետի հետ հեռախոսազրույցի պատճառով։
Թաքսին Չինավատրան պաշտոնից հեռացվել էր 2006 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո. նա տարիներ շարունակ ապրել էր աքսորում, հիմնականում՝ Դուբայում։



