Բաժիններ՝

Լեհաստանը երկարաձգել է բուֆերային գոտու գործողությունը Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանի կողմից Բելառուսի հետ սահմանին ստեղծված բուֆերային գոտու գործողությունը երկարաձգվում է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ներքին գործերի և վարչակազմի նախարարը ևս երեք ամսով երկարաձգել է լեհ-բելառուսական սահմանին գտնվող բուֆերային գոտու գործողությունը…. Հրահանգներն ուժի մեջ կլինեն սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 4-ը», – ասվում է հաղորդագրության մեջ։

«Բուֆերային գոտու պահպանումն անհրաժեշտ է Բելառուսից աճող միգրացիոն ճնշման պատճառով։ Լեհ-բելառուսական սահմանը, որի հերմետիկությունը մոտենում է 98%-ի, որոշիչ նշանակություն ունի Լեհաստանի և ամբողջ Եվրոպական միության անվտանգության համար», – հայտարարել է ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարցին Կերվինսկին, որի խոսքը մեջբերում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ նախարարության՝ վերջին ամիսներին Բելառուսի հետ սահմանն անօրինականորեն հատելու փորձերի թիվը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատությամբ։ 2025 թ. հունիսից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում Սահմանապահ ծառայությունը գրանցել է գրեթե 13 800 նման դեպք՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 7500-ի համեմատությամբ, ինչը նշանակում է 83%-ով աճ։

Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում նշել են, որ «միայն այս տարվա օգոստոսին Սահմանապահ ծառայությունը գրանցել է լեհ-բելառուսական սահմանն անօրինականորեն հատելու ավելի քան 5400 փորձ։ 2024 թ. օգոստոսին դրանք 2300-ից պակաս են եղել, ինչը նշանակում է գրեթե 2,5 անգամ աճ»։

2024 թ. հունիսի 13-ից Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին ստեղծել է բուֆերային գոտի, որը ենթադրում է սահմանամերձ գոտու որոշակի հատվածում օտարերկրացիների ներկայության ժամանակավոր արգելք։ Նաև լեհ-բելառուսական սահմանի ուժեղացման համար ուղարկվել են ռազմական ժանդարմերիայի զինծառայողներ և ոստիկանական լրացուցիչ ուժեր, ինչը լեհական կողմը հիմնավորում է «սահմանապահների և սահմանամերձ գոտում ծառայող զինվորների վրա միգրանտների հարձակումների թվի ավելացմամբ»։

Սահմանափակումներն սկզբում մտցվել են 90 օրով, հետագայում երկարաձգվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930