
Ճապոնիայի վարչապետը ողջունել է ճապոնական ապրանքների համար մաքսատուրքերը նվազեցնելու մասին Թրամփի հրամանագիրը

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ գոհ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրից, որը նվազեցնում է Ճապոնիայից ներմուծվող ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների համար մաքսատուրքերը։
Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
«Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի շուրջ բանակցությունները կառավարության առաջնահերթությունն են եղել։ Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք լավագույն ձևով և հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար։ Եվ այն, ինչի մենք հասել ենք, հիանալի է», – ասել է վարչապետը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 15% բազային մաքսատուրքեր կկիրառի «ճապոնական ողջ ներմուծման նկատմամբ, ավտոմեքենաների ու պահեստամասերի համար առանձին սեկտորալ ռեժիմի հետ մեկտեղ», ինչպես նաև ԱՄՆ-ի համար դեֆիցիտ հանդիսացող մի շարք ապրանքների համար։
Ճապոնիայի կառավարությունից բանագնաց Ռյոսեյ Ակաձավան այս շաբաթ Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լաթնիքի հետ։
Վաշինգտոնի և Տոկիոյի միջև առևտրային համաձայնագիրը նաև ներառում է Ճապոնիայի կողմից 550 միլիարդ դոլարի ներդրումներ ամերիկյան նախագծերում։