
Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը. Յըլմազ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հանդիպել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անար Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Յըլմազը հանդիպան վերաբերյալ գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, նշելով, թե գոհ են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվում համատեղ հանձնաժողովի նիստերի միջոցով:
Բացի այդ վերջինս նշել է, թե բոլորովին վերջերս ստորագրված հռչակագրով (խոսքը օկուպացված Շուշիում կնքված հռչակագրի մասին է) դաշնակցային մակարդակի բարձրացած երկկողմ հարաբերությունների առջև նոր հորիզոններ են բացվում:
«Նոր հորիզոններ են բացվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, սոցիալական քաղաքականությունը և տարածաշրջանային համագործակցությունը»,-հավելել է նա:
Թուրքիայի փոխնախագահը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցածը որակելով պատմական քայլ, նշել է, որ դրանից հետո այդ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար հույսերն ավելի են մեծացել։
«Շարունակելու ենք աջակցել տարածաշրջանային խաղաղության գործընթացին և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»,- ամփոփել է Յըլմազը։