«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ԼԱՎ ՉԵՆ ՍՈՎՈՐԵԼ…». Միքայել Մալխասյան

Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ԼԱՎ ՉԵՆ ՍՈՎՈՐԵԼ…

1918 թ. օգոստոսի 31-ին Վրաստանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Արշակ Ջամալյանը Երևան է ժամանում Այսրկովկասում Գերմանական կայսրության օկուպացիոն բանակի հրամանատար Ֆրիդրիխ Կրես ֆոն Կրեսենշտեյնի և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի հորեղբայր, օսմանյան արևելյան բանակային միավորման հրամանատար Հալիլ Քութ փաշայի հետ։

Նրանք հանդիպում են ՀՀ վարչապետ Հովհաննես Քաջազնունուն և Հայաստանի խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանին։ Երևանում գերմանական և օսմանյան կողմերը, որոնք միմյանց դաշնակիցներն էին, պահանջում են հայկական ուժերի դուրսբերում Նախիջևանից և Սյունիքից, իսկ այդ երկրամասերում գտնվում էին Անդրանիկ Օզանյանի զորամասերը։

Այդ ժամանակ Օսմանյան կայսրության բանակը հարձակման էր անցել Բաքվի ուղղությամբ, որը գրավում է սեպտեմբերի 15-ին։ Ավելին` սեպտեմբերի 25-ին նրանք, կովկասյան թաթարների ավազակախմբերի ուղեկցությամբ, գրավում են Շուշին, և Էնվեր փաշայի խորթ եղբայր, թուրք-թաթարական կովկասյան «իսլամական» բանակի հրամանատար Նուրի փաշա Քիլլիգիլը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքով դիմում է Արցախի հայերին, որ հանձնվեն։

Հետաքրքիր է երևանյան բանակցություններում Հալիլ փաշայի հետևյալ խոսքը, որ կարծեք ուղղված լինի նաև մերօրյա հայ վերնախավերին. «Մենք` թուրքերս, չենք մտածում որևէ ժողովուրդ ստրկացնելու մասին, սակայն մենք մի իդեալ ունենք և ուզում ենք այդ իդեալն իրագործել։ Մենք ցանկանում ենք վերականգնել մեր կապը մեր հայրենիքի` Թուրանի հետ և դրա համար ուզում ենք, որ մեր երկու հայրենիքներն իրար միացնող ճանապարհն ուրիշների տիրապետության տակ չլինի»։

Եվ մեր քաղաքական էլիտան այսօր խոսքի միայն առաջին նախադասությունն է սերտել ու հրամցնում սեփական հասարակությանը… Իսկ «որևէ ժողովուրդ ստրկացնելու» ցանկություն չունենալու մասին խոսող Հալիլ փաշան նաև հպարտությամբ նշում էր, որ անձամբ ղեկավարել է 300 հազար հայերի ֆիզիկական ոչնչացման գործողությունները, այսինքն` ստրկացնելուց ավելի վատ` ոչնչացման կողմնակից էր։

Շիրակի, Բաքվի և Շուշիի հայերի զանգվածային կոտորածների անմիջական ղեկավարներից մեկը շատ նման է ուժային կենտրոններում, լինի դա Մոսկվա, թե Վաշինգտոն, ներկայումս «կառուցողական» կեցվածք ցուցաբերող մեր հարևանին, որ իբրև թե կապ չունի 2020-2023 թթ. պատերազմական հանցագործությունների հետ…»։

Տեսանյութեր

Լրահոս