
Վիկտոր Օրբանը հրաժարվել է ստորագրել Թրամփ-Պուտին հանդիպման վերաբերյալ ԵՄ հայտարարությունը

Հունգարիան չի սատարել ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների անունից համատեղ հայտարարությանը։ Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ նման մասնակցության ձևաչափն անիմաստ է համարում։
«Նախքան լիբերալ-մեյնսթրիմային երգչախումբը կսկսի երգել իր սիրելի երգը՝ «Պուտինի խամաճիկները», ես որոշեցի բացատրել, թե ինչու ԵՍ չեմ կարող սատարել այդ հայտարարությանը Հունգարիայի անունից», – գրել է Օրբանը։
Նա թվարկել է երեք կետ, որոնք, ըստ իրեն, որոշիչ են այս հարցում։ Նախ, ըստ Օրբանի, հայտարարությունը «փորձում է պայմաններ սահմանել այն հանդիպման համար, որին ԵՄ առաջնորդները հրավիրված չեն»։ Երկրորդ, Հունգարիայի վարչապետի կարծիքով, նման հայտարարությունը միայն կխոչընդոտի բանակցություններին։ «Այն, որ ԵՄ-ն մի կողմ է քաշվել՝ ինքնին տխուր է։ Միակ բանը, որ կարող է վատթարացնել իրավիճակը, այն է, որ մենք սկսենք ցուցումներ տալ պահեստայինների նստարանից», – կարծում է Օրբանը։ Երրորդ, Հունգարիայի վարչապետը համոզված է, որ ԵՄ առաջնորդների համար միակ ողջամիտ լուծումը «ԱՄՆ-Ռուսաստան հանդիպման օրինակով ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողով նախաձեռնելն է»։