Էրդողանը՝ Ալիևի և Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 11-ին կառավարության նիստից հետո ներկայացրել է դրանում քննարկված հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս համատեքստում վերջինս անդրադարձել է նաև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերին:

Հիշատակելով օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցն՝ Էրդողանը շեշտել է արցախյան պատերազմներից հետո տարածաշրջանում մեկնարկած նոր ժամանակաշրջանը:

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը պատմական քայլ էր Հարավային Կովկասում մնայուն խաղաղության ճանապարհին»:

Բացի այդ, Էրդողանը ողջունել է Ադրբեջանի դեմ սահմանափակումների վերացումը՝ ուրախալի համարելով այն:

Էրդողանն ընդգծել է նաև, որ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր գոհունակությունն է հայտնել այս ամենի կապակցությամբ:

«Շեշտել եմ, որ Թուրքիան միշտ իրենց կողքին է լինելու»,-ասել է նա:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:

«Այսօր նույն թեման քննարկել ենք ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Խաղաղության մթնոլորտի հաստատմամբ մեր տարածաշրջանում ցամաքային և երկաթուղային ուղիների վերածնունդը, սահմանների բացումը և առևտրի ազատ հոսքի հնարավոր դառնալը տարածաշրջանի բոլոր երկրների շահերին է ծառայելու»։

Տեսանյութեր

Լրահոս