«Դուք ո՞նց եք ետ տալու կորցրած հայրենիքը, ո՞նց եք ետ տալու եռագույնով փաթաթված դագաղները… հիշե՛ք՝ մի օր գալու է ձեր պատասխան տալու ժամը»

Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեր վախերը չեն կոտրելու մեր ցավից ծնված կամքը…

Այսօր ապրում ենք մի դաժան իրականության մեջ, որտեղ անարդարությունն օր է դարձել, իսկ ցավը՝ սովորական։ Որտեղ հայրենիքի համար ընկած հերոսների ծնողներին ոչ թե փառաբանում են, այլ ձերբակալում։

Իշխանություն է իշխում, որը 2018-ից սկսած միայն սուտ խոստումներ տվեց։ Խաբեց ժողովրդին, մոլորեցրեց, հետո հող հանձնեց, Արցախը հանձնեց։ 5000 տղա ուղարկեց գերեզման, 10000-ի կյանք խեղաթյուրեց։ Եվ այս ամենի անունը դրեց՝ «խաղաղություն»։

Բայց սա խաղաղություն չէ։ Սա դավաճանություն է։ Սա թուրքահպատակ իշխանության ծրագիր է։ Ու այդ ծրագրի ճանապարհին՝ դուք արդեն պատրաստ եք ամեն ինչի, անգամ՝ ձերբակալել հերոսածին ծնողներին։

Գարիկ Գալեյանին՝ որ իր որդուն տվել է հայրենիքին, բայց չլռեց, չհանդուրժեց, չհամակերպվեց դավաճանության հետ։ Ցավի միջից ուժ գտավ նորից երեխա ունենալու, նորից տան ծուխը վառելու, ապրելու։ Բայց դուք չհանդուրժեցիք դա։ Ձերբակալեցիք։ Զրկեցիք իր երեխային հոր գրկից, մանկությունից, արժանապատիվ ապագայից։

Արա Ռոստոմյանին, ով կորցրել է որդի, իսկ հիմա զրկվում է իր թոռներին մեծացնելու իրավունքից։ Զրկվում է նույնիսկ շիրիմին այցելելու իրավունքից։ Սառը քարը գրկելու իրավունքից։

Սա՞ է ձեր խաղաղությունը։ Սա՞ է ձեր արդարությունը։

Իշխանություն, որ նախկիններին մեղադրում է թալանի մեջ, բայց ինքն իր դավաճանությամբ ոչ թե փող է տարել, այլ՝ կյանք, հող, խաղաղություն, սերունդ, վերջին գրկախառնություններ։

Թող նախկինները մի օր գողացածը ետ տան։ Բայց դուք ո՞նց եք ետ տալու կորցրած հայրենիքը։

Ո՞նց եք ետ տալու եռագույնով փաթաթված դագաղները։

Վերջին համբույրը։ Վերջին հպումը։

Դուք կարող եք բռնել ծնողներին, բայց չեք կարող լռեցնել արդարության ձայնը։

Չեք կարող մարել վրեժի ցասումը։

Եվ հիշե՛ք՝ մի օր գալու է ձեր պատասխան տալու ժամը։ Ու այդ օրը ոչ մի խոսք, ոչ մի պարգև, ոչ մի իշխանական թիկնապահ մանդատ չի փրկելու ձեզ։

Այդ օրը ոչ թե դուք հարց կտաք, այլ՝ ձեզնից հարց կվերցնեն։

Ոչ թե դուք կմեղադրեք, այլ՝ ձեզ կդատեն։

Ու ոչ թե օրենքի լեզվով, այլ մոր արցունքի, հոր լռության ու եղբոր վրեժի լեզվով։

Սա խոստում չէ։ Սա անխուսափելի ճշմարտություն է։

Մարմնիս ամբողջ բջիջով վրեժով եմ լցված ու սպասում եմ էդ օրվան՝ ձեր վախճանին»։

Տեսանյութեր

Լրահոս