
Բրազիլիայի նախագահն անընդունելի է համարում ԱՄՆ-ի միջամտությունը երկրի դատական համակարգին

ԱՄՆ-ի իշխանությունների միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգին անընդունելի է. երկիրը կպաշտպանի սեփական ինքնիշխանությունը և կփնտրի նոր գործընկերներ համագործակցության համար:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հարավամերիկյան հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայսի նկատմաբ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումից հետո:
«Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները։ ԱՄՆ վարչակազմի միջամտությունը բրազիլական արդարադատությանն անհանդուրժելի է», – գրել է պետության ղեկավարը X-ում։Նախագահը չհիմնավորված է համարել «քաղաքական փաստարկների օգտագործումն» ԱՄՆ բրազիլական արտահանման 50%-ի չափով մաքսատուրքերի սահմանման համար:
«Բրազիլիայի դեմ ձեռնարկված միջոցները քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են ազգային ինքնիշխանության և երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջ պատմության դեմ», – ընդգծել է Լուլա դա Սիլվան:
Բրազիլիայի ղեկավարը հավելել է, որ երկիրն «առաջվա նման պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առևտրային ուղղությունների շուրջ», սակայն կօգտագործի բոլոր միջոցներն իր ինքնիշխանության պաշտպանության և նոր գործընկերների որոնման համար։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել դի Մորայսի դեմ՝ Բրազիլիայի 2019-2022թթ․ նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ դատավարության և ամերիկյան ընկերությունների դեմ հետաքննության շարունակման համար։