ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների միասնական մաքսային համակարգի շնորհիվ ակնկալվում է մեծացնել տարանցման պոտենցիալը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ  նախագահի հրամանագրի նախագծին։ 

ՀՀ կառավարության հուլիսի 31-ի նիստում համաձայնագրի վերաբերյալ մանրամասները ներակայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է տարանցման միասնական համակարգ ԵԱՏՄ ու համակարգի կողմ հանդիսացող երրորդ երկրների միջև։Մասնավորապես՝ ներկայում Եվրասիական տնտեսական միությունում արդեն գործում է նման համակարգ։ Համաձայնագրով հնարավորություն է ընձեռվում, որ երրորդ երկրները միանան այդ համակարգին, որը կիրառվելու է, երբ ապրանքները տարանցիկ փոխադրվեն համակարգի կողմ հանդիսացող երկրների տարածքով։ Միասնական համակարգը թույլ է տալու մաքսային տարանցման հայտարարագիրը ներկայացնել մեկ անգամ։ 

«Արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտները մեկ անգամ են հանդիպելու այդ գործընթացին, և դա ճանաչվելու է ԵԱՏՄ-ի ու համապատասխան երկրների միջև։ Միության և երրորդ երկրների միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեությունը հիմնվելու է հինգ հիմնական կարգավորումների վրա, որոնք միտված են առևտրի և արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեության դյուրինացմանը»,-նշեց Հակոբյանը։

Ըստ այդմ՝ երրորդ երկրներին հնարավորություն է ընձեռվելու միանալ արդեն իսկ գործող միասնական էլեկտրոնային համակարգին։ Կիրառվելու է հարկերի, տուրքերի հատուկ հակագնագծման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման  ընդհանուր ապահովում։

«Ներկայում մաքսային մարմինները տարբեր երկրներում կիրառում են տարբեր ապահովումներ, երաշխիքներ և, ըստ էության, համաձայնագիրը հնարավորություն է տալու, որպեսզի երկրները, երբ միանան ԵԱՏՄ միասնական համակարգին, մեկ անգամ երաշխիք ուզելով հնարավորություն տան, որ այդ տարանցումը տեղի ունենա»,-պարզաբանեց ՊԵԿ նախագահը։

Մյուս կարգավորումները վերաբերում են անդամ երկրների և երրորդ երկրների լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումներին,մաքսային տարանցման ընթացակարգով միության և երրորդ երկրների մաքսային տարածքներով փոխադրվող ապրանքների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառմանը։

Բացի այդ՝ մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումները և մաքսային հսկողության արդյունքները փոխադարձորեն կճանաչվեն։«Այս գործընթացները թույլ են տալու, որ մաքսային բոլոր ընթացակարգերը մեկ անգամ տեղի ունենան, փոխճանաչվեն, միմյանց միջև փոխանակեն տեղեկատվությունը, որն էապես դյուրինացնելու է արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեությունը և մաքսային մարմինների հետ առնչվելու ժամանակահատվածը»,-համոզմունք հայտնեց Հակոբյանը։

Համակարգը գործելու է երրորդ երկրների հետ մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխգործակցության հիման վրա։ Միաժամանակ՝ երրորդ երկրների հետ փոխգործակցության համակարգումն իրականացնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ որպես Միության կառավարող մարմինը։

«Սրանով մեծանում է Միության և անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի տարանցման պոտենցիալը։ Հայաստանի դեպքում տարանցման պոտենցիալն, ըստ էության, կարող է մեծանալ, եթե հարևան երկրները, օրինակ՝ Իրանը, միանան այդ համակարգին։ Դա հնարավորություն կտա այդ ընթացակարգերը միասնականացնել և մեկ անգամ Իրանի տարածքում տարանցման հայտարարագիր բացելու դեպքում դա ճանաչվի ԵԱՏՄ համակարգում, միաժամանակ նախնական տեղեկատվություն կստացվի մեզ մոտ, և փոխադրողների դեպքում երկրորդ անգամ այդ գործընթացն անցնելու կարիք չի լինի»,-ընդհանրացրեց ՀՀ ՊԵԿ նախագահը։  

Տեսանյութեր

Լրահոս