
Թրամփը վստահ չէ, որ նոր պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ իր խոստացած պատժամիջոցներն ու մաքսատուրքերը կազդեն Մոսկվայի վրա: Այս մասին հուլիսի 29-ին Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի ձայնագրությունը տարածել է Forbes Breaking News-ը։
«Չգիտեմ՝ դա կազդի՞ արդյոք Ռուսաստանի վրա, որովհետև նա (խմբ.՝ ՌԴ նախագահը), ակնհայտորեն, հավանաբար, ցանկանում է շարունակել պատերազմը։ Բայց մենք պատրաստվում ենք սահմանել մաքսատուրքեր և այլ միջոցներ: Գուցե, դա ազդի նրանց վրա, գուցեև՝ ոչ: Բայց դա հնարավոր է», – ասել է Թրամփը:
Նա նշել է, որ ՌԴ-ի նկատմամբ երկրորդային պատժամիջոցներ սահմանելու համար վերջնաժամկետը 10 օր է։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մոտ 100%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Օրերս նա նշել էր, որ որոշել է հիշյալ 50-օրյա ժամկետը կրճատել մինչև 10-12 օր: