
Կամչատկայում մինչև 5 բալ ուժգնությամբ ևս 30 երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգները 2-5 բալանոց տասնյակ երկրաշարժեր են գրանցել Կամչատկայում 8,7 մագնիտուդով երկրաշարժից հետո:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Գլխավոր երկրաշարժից հետո տեղի է ունեցել ևս 30 զգացվող երկրաշարժ՝ 2-5 բալ ինտենսիվությամբ», – հաղորդել է «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայություն» դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
Տեղական ժամանակով հուլիսի 30-ի կեսօրին Կամչատկայի մերձակայքում տեղի ունեցած հզոր երկրաշարժն ամենաուժեղն է 1952 թվականից ի վեր։ Դրա մագնիտուդն, ըստ տարբեր գնահատումների, հասել է 8,7-ի կամ 8,8-ի։
Երկրաշարժից հետո Ռուսաստանի և Ճապոնիայի ափերին ցունամի է հարվածել։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկում ցունամիի 4 ալիք է անցել։ Սևերո-Կուրիլսկի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել։